Սիրիայի նախագահ Ասադը Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահ Պուտինին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեքշաբթի՝ հոկտեմբերիվ 20-ին, աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այցի շրջանակներում հանդիպումներ են եղել նեղ և ընդլայնված շրջանակներով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Մոսկովյան այցի ժամանակ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մոսկովյան այցի ժամանակ

Ընդլայնված հանդիպմանը մասնակցել են նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Կողմերը քննարկել են հակաահաբեկչական պայքարի խնդիրները և Սիրիայում ծայրահեղական խմբավորումների դեմ ՌԴ գործողությունների շարունակականության հարցերը։ Ներկայացվել են Սիրիայի իրավիճակը, ծրագրերի հեռանկարները, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների տարբեր կողմեր։

Սիրիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Պուտինը հույս է հայտնել, որ իրենց պայքարը ահաբեկիչների դեմ շուտով արդյունք կտա, և հավելել, որ նման խնդիրների վերջնական լուծումը քաղաքական գործընթացն է, որին պետք է մասնակցեն Սիրիայի բոլոր էթնիկ ու կրոնական խմբերը։

Նշենք, որ ներկայում Ռուսաստանի աջակցությամբ սիրիական կառավարական բանակը փորձում է Սիրիայի տարածքը մաքրել ահաբեկիչներից, որոնք փակել են երկրի՝ կառավարության համար կենսական նշանակության արևմտյան հատվածը։

Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սկսել է կետային ավիահարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ-ի ահաբեկիչների դիրքերին՝ օգտագործելով Սու-25 գրոհիչներ, Սու-24Մ, Սու-34 ռմբակոծիչներ, իսկ օդային աջակցությունն իրականացնում են Սու-30ՍՄ կործանիչները։

Ռուսաստանի հետ Սիրիային օգնում է նաև Իրանը, որը ռազմական խորհրդատուներ է ուղարկել Սիրիա՝ տեղի զինվորականներին վերապատրաստելու, մարզելու համար: Ու թեև արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ Իրանը նաև զինված ստորաբաժանումներ ունի Սիրիայում, սակայն իրանական պաշտոնյաները մշտապես հերքում են Իրանի զինված ուժերի ներկայությունը Սիրիայում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *