Սաուդյան Արաբիան Patriot համակարգի 600 հրթիռ է պատվիրել

Հոկտեմբերին Սաուդյան Արաբիան ԱՄՆ կառավարության հետ կնքել է պայմանագիր, որով ամերիկյան կողմը 2015 թ. 320 միավոր, իսկ 2016 թ. ևս 280 միավոր Patriot PAC-3 հակաօդային (հակահրթիռային) համակարգի հրթիռներ է փոխանցելու արաբական պետության զինված ուժերին: Այս մասին բրիտանական Reuters գործակալությանը հայտնել է համակարգերն արտադրող Lockheed Martin ընկերության ներկայացուցիչը:

Ամերիկյան Lochheed Martin ընկերության Patriot PAC-3 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը հրթիռի արձակման պահին

Ամերիկյան Lochheed Martin ընկերության Patriot PAC-3 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը հրթիռի արձակման պահին

Հրթիռների վաճառքն ընդամենը մի մասն է ամերիկա-արաբական ավելի խոշոր գործարքի, որով Սաուդյան Արաբիան մոտ 5,4 մլրդ ամերիկյան դոլարի սպառազինություն է գնելու ամերիկյան ընկերություներից: Նման քանակի խոշոր սպառազինություն արտահանելու համար ամերիկյան ընկերություններին ավելի վաղ՝ հուլիսին, թույլտվություն էր տվել ԱՄՆ պետքարտուղարությունը:

Պաշտոնական թույլտվության փաստաթղթի մեջ, բացի Patriot PAC-3 համակարգերի հրթիռներից, հիշատակվում էին նաև Սաուդյան Արաբիայի ունեցած Patriot համակարգերի արդիականացում, կից սարքավորումների տրամադրում, անձնակազմի վերապատրաստում և այլն: Սակայն ներկայում հայտնի է միայն հրթիռների վերաբերյալ պայմանագրի կնքման մասին:

Հավանական է համարվում, որ Սաուդյան Արաբիային այս հրթիռներն անհրաժեշտ են ոչ միայն Եմենում իշխանությունը գրաված հութիների դեմ կռվելու, այլև տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդող Իրանին հակազդելու համար:

Հատկանշական է, որ եմենցի իրանամետ հութի ապստամբները սաուդյան տարածքների ուղղությամբ հունիսին արձակել էին «Սքադ» բալիստիկ հրթիռ, որը Սաուդյան Արաբիայի զինված ուժերը չեզոքացրել էին հենց Patriot համակարգից արձակված երկու հրթիռներով:

Ավելի վաղ՝ ամերիկյան ընկերությունների՝ հրթիռային սպառազինության արտահանման թույլտվություն ստանալու ժամանակ, իրանյան կողմն արդեն հայտնել էր իր վերաբերմունքը հավանական գործարքին: Մասնավորապես իրանական PressTV լրատվակայքը նշում էր, որ Սաուդյաններին այս ծավալի սպառազինության վաճառքը կարող է ստիպել, որ տարածաշրջանային մյուս պետությունները սկսեն սպառազինությունների մրցավազք:

Հատկանշական է, որ այս գործարքից անկախ՝ ԱՄՆ պետքարտուղարությունն ամերիկյան ընկերություններին մեկ այլ թույլտվություն է տվել, որով նրանք կարող են Սաուդյան Արաբիային վաճառել 9 միավոր UH-60M Black Hawk բազմանպատակային ուղղաթիռներ: Կից սարքավորումների և պահեստամասերի տրամադրման, անձնակազմի վերապատրաստման հետ միասին այս գործարքն ամերիկյան կողմը գնահատել է մոտ 500 մլն ամերիկյան դոլար:

Ավելացնենք, որ Patriot հրթիռային համակարգեր (տարբեր արդիականացումներ) կան աշխարհի 10-ից ավելի երկրների սպառազինությունում, իսկ հենց PAC-3 մակարդակի համալիրներով զինված են Միացյալ Նահանգների, Նիդերլանդների (մի մասը տեղակայված է Թուրքիայի տարածքում), Գերմանիայի, Թայվանի, Քուվեյթի ու Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերը: Համակարգերի հրթիռների հեռահարությունը առավելագույնը 80 կմ է, բարձրությունը՝ առավելագույնը՝ 24 կմ։ Դրանց նպատակը միջին ու մեծ բարձրություններում հակաօդային պաշտպանության ապահովումն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *