Հայաստանի զինված ուժերի դիպուկահարային հատուկ դպրոցը 5 տարեկան է

Արդեն հինգ տարի է՝ ՀՀ զինված ուժերի կազմում գործում է հատուկ նշանակության զորամաս՝ դիպուկահարների պատրաստության դպրոցը: Այս տարիներին զորամասում ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների համար պատրաստվել են մի քանի հարյուր բարձրակարգ մասնագետներ։ Այս մասին նշվում է ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի՝ հոկտեմբերի 15-ին լույս տեսած համարի «Դիպուկահարների պատերազմ. մենք պատրաստ ենք» հոդվածում։

Հայկական զինուժի դիպուկահարները՝ մարզվելիս

Հայկական զինուժի դիպուկահարները՝ մարզվելիս

Հատուկ դպրոցում պատրաստություն անցած դիպուկահարների բարձր մարտական պատրաստության ամենավառ օրինակը թերևս այն փաստն է, որ նրանցից որևէ մեկը չի հայտնաբերվել թշնամու կողմից: Փոխարենը գրեթե բոլորն էլ մասնակցել են առաջնագծում մարտական խնդիրների կատարմանը, խոցել հակառակորդի համապատասխան թիրախները, որոնց շարքում քիչ չեն նրանց իսկ դիպուկահարները:

Հրապարակման մեջ ուսումնական գործընթացի մասին որոշակի մանրամասներ է ներկայացրել զորամասի հրամանատարի տեղակալը, ով նշում է, որ իրենց մոտ զինծառայողները պատրաստության տարբեր աստիճաններ են անցնում: «Կան զրոյից մասնագիտությունը սովորողներ, կան նաև արդեն իսկ որոշակի հմտություններ ունեցող մասնագետներ, և դեռ պետք է տիրապետեն ավելի խոշոր տրամաչափի զենքերին։ Կատարվում է նախնական խիստ ընտրություն: Պատահում է, որ թեկնածուները տարբեր պատճառներով չեն համապատասխանում սահմանված չափորոշիչներին: Նրանք միանգամից ուղարկվում են իրենց մշտական տեղակայման վայրեր՝ այլ բնույթի ծառայություն իրականացնելու համար»,—նշել է զրուցակից սպան։

Ուսումնառության սկզբնական շրջանը մեղմ է: Ապագա դիպուկահարները ծանոթանում են զենքերի կառուցվածքին, դրանց կիրառման կարգին, նշանակությանը։ Շատ մեծ տեղ է հատկացվում հոգեբանական պատրաստությանը, ինչը դիպուկահարի հաջողության գլխավոր գրավականներից է: Պատրաստության ընթացքում դիպուկահարները նվազագույնը 400 մարտական փամփուշտ են կրակում: Կարելի է ասել, որ առաջին հարյուրը հոգեբանական բարդույթներից ձերբազատվելու նպատակ ունի: Զինծառայողը վստահություն է ձեռք բերում իր իսկ ուժերի նկատմամբ, վարժվում է զենքին, «մտերմանում»՝ կազմելով մի միասնություն։

Ապա սկսվում է պարապմունքների առավել հագեցած ու ծանր շրջանը։ Ֆիզիկական պատրաստության վարժանքներ, կրակային բարդագույն խնդիրներ և այլն: Բոլորը գերազանց կատարելուց հետո միայն զինծառայողին տրվում է դիպուկահարի «կոչում»: Դժվար է ուսուցումը, բայց միայն այդ ճանապարհով կարելի է պատրաստել բարձրակարգ, որակյալ դիպուկահարներ, որոնք կկարողանան պատերազմական իրավիճակում մարտական խնդիրներ կատարել։

Նշենք, որ Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների ուսումնասիրության արդյունքում միայն 2015-ին հայտնի է դարձել ադրբեջանական բանակի կադրային 2 դիպուկահարի մահվան մասին, որոնք սպանվել  են հայկական կողմի հետ դիպուկահարային մենամարտի արդյունքում։ Նշված 2 դեպքրը, բնականաբար, կազմում են ամբողջական պատկերի շատ թերի մասը՝ մի պարագայում, երբ Ադրբեջանն ընտրել է կորուստներն ամեն կերպ թաքցնելու մարտավարությունը։

Հիշեցնենք, որ 2015-ի հունվարի 23-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց, թե «զենքի հետ անզգույշ վարվելու և դրա արդյունքում արձակված կրակոցի» հետևանքով սպանվել է պայմանագրային զինծառայող, 26-ամյա Բաբաշով Նիզամի Շամիլ օղլուն։ Ռազմինֆոն դեռ այն ժամանակ վարկած էր առաջ քաշել, որ Բաբաշովի մահն իրականում մարտական կորուստ է, քանի որ նրան հուղարկավորել են պատվո պահակախմբի ուղեկցությամբ։ Ավելի ուշ, սոցիալական ցանցերում հայտնաբերվեցին նրա ծառայողական լուսանկարները, այդ թվում՝ դիպուկահար հրացաններով։

Սպանված դիպուկահար, Բաբաշով Նիզամի Շամիլ օղլու

Սպանված դիպուկահար, Բաբաշով Նիզամի Շամիլ օղլու

Իսկ 2015-ի օգոստոսի առաջին կեսին շփման գծի Աղդամի հատվածում սպանված պայմանագրային զինծառայող, ենթասպա Օսմանով Իբրահիմ Իսմայիլ օղլուն, ում մահվան մասին Ադրբեջանի ՊՆ-ն մինչ օրս չի հայտնել, բաց աղբյուրների ուսումնասիրության արդյունքում պարզվեց՝ եղել է դիպուկահարային դասակի հրամանատար։

Դիպուկահարային դասակի սպանված հրամանատար, ենթասպա Օսմանով Իբրահիմ Իսմայիլ օղլու

Դիպուկահարային դասակի սպանված հրամանատար, ենթասպա Օսմանով Իբրահիմ Իսմայիլ օղլու

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *