ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն ամփոփիչ զորավարժություն են անցկացրել «Ալագյազում»

Հոկտեմբերի 15-ին Հայաստանի Արագածոտնի մարզի «Ալագյազ» զորավարժարանում անցակցվել է Ռուսաստանի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի գումարտակային մարտավարական զորավարժության ակտիվ փուլը։ Այս մասին հայտնում է ՌԴ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հրետանավորները զորավարժության ժամանակ

Ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հրետանավորները զորավարժության ժամանակ

Եզրափակիչ փուլում մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումները «Կամխուդ» զորավարժարանից շարժվել են «Ալագյազ» (100 կիլոմետրանոց երթ), որտեղ էլ մշակել են պայմանական հակառակորդի դեմ կրակային մարտ անցկացնելու հարցերը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, զորավարժությանը ներգրավվել է շուրջ 600 զինծառայող, ավելի քան 100 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ տանկեր, զինվորական մեքենաներ ու հակաօդային պաշտպանության միջոցներ, որոնցով խոցվել են 1000-ավոր օդային և ցամաքային թիրախներ։

Օդային թիրախները խոցվել են «Իգլա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներով և «Շիլկա» ինքնագնաց զենիթային համակարգերով։ Հրետանավորները կրակել են «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներով ու «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով։

Զորավարժության մասնակից ստորաբաժանումների օդային անվտանգությունն ապահովել են ռազմաբազայի՝ «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ՄիԳ- 29 կործանիչները։ Հետախուզության համար կիրառվել են նաև «Նավոդչիկ-2» անօդաչու սարքեր։

Այս զորավարժությունը Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի համար հիմնական քննությունն էր, որով էլ ընդհանուր գնահատական է տրվելու ուսման ամառային փուլին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող 102-րդ ռազմաբազան Հայաստանում՝ Գյումրիում, տեղակայվել է 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *