Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ հոկտեմբերի 16-ին՝ 17:33-ի դրությամբ սպանվել է 1 ուժային, PKK-ի 10 զինյալ, 2 քաղաքացիական, վիրավորվել է 2 ուժային, 2 քաղաքացիական, ձերբակալվել է PKK-ի 5 զինյալ, 7 քաղաքացիական, PKK-ի երիտթևի 18 անդամ, հանձնվել է PKK-ի 1 զինյալ։ Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը
IMCTV. Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում անվտանգության ուժերի և PKK-ի զինյալների բախման ժամանակ մեկ քաղաքացիական է սպանվել։
Անադոլու․ Անկարայում հոկտմեբրի 10-ի պայթյունների գործով ձերբակալվել է ևս երեք անձ։
Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Թունջելի նահանգում՝ դեպի Էրզինջան տանող ճանապարհին, անվտանգության ուժերը հատուկ գործողություն են սկսել PKK-ի զինյալների դեմ։
Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում անվտանգության ուժերը, PKK-ի զինյալների փորած խրամատները ոչնչացնելիս, դիմադրության են հանդիպել դիմակավորված անձանց մի խմբի կողմից։
Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահագի համանուն գավառում բախվել են PKK-ի երիտասարդական թև YDG-H-ի անդամներն ու անվտանգության ուժերն այն պահին, երբ վերջիններս փորձել են քանդել զինյալների փորած խրամատները։
Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի համանուն գավառում անվտանգության ուժերի և PKK-ի զինյալների միջև բախման արդյունքում սպանվել է 1 ուժային, ևս մեկը վիրավորվել է։
Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Էլազիղ նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում՝ PKK-ի զինյալների գործունեությանը մասնակցելու մեղադրանքով բերման ենթարկված 15 կասկածյալներից 4-ը կալանավորվել է։
Իհլաս․ Եվս մեկ ծանր վիրավորված քաղաքացիական է մահացել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հոկտեմբերի 10-ի՝ երկու խոշոր պայթյունների հետևանքով։ Զոհերի ընդհանուր թիվը հասել է 100-ի։
IMCTV. Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի համանուն գավառի մի շարք թաղամասերում մի քանի բախումներ են եղել անվտանգության ուժերի և PKK-ի զինյալների միջև։ Մեկ այլ՝ Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում, ուժայինների և զինյալների միջև փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է երկու քաղաքացիական։
Զաման․ Թուրքիայի հարավարևելյան Թունջելի նահանգում, քաղաքացիական բնակչությանը PKK-ի զինյալների հարձակումներից զերծ պահելու նպատակով, կանգնեցվել է Թունջելի-Էրզինջան ճանապարհի երթևեկությունը։
Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայք․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում սպանվել է PKK-ի 9 զինյալ։
Սյոզջու․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում PPK-ի մեկ զինյալ հանձնվել է անվտանգության ուժերին։
Դողան․ Թուրքիայի հարավային Գազիանթեփ նահանգում PKK-ի երիտասարդական թևի (YDG-H ) անդամների դեմ ոստիկանության ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 19 մարդ, որոնցից 11 կալանավորվել են, մյուսները բաց են թողնվել։
Իհլաս․ Թուրքիայի արևելյան Իգդիր նահանգում անվտանգության ծառայության ջոկատները հատուկ գործողություններ են ձեռնարկել PKK-ի զինյալների դեմ, ինչի արդյունքում ձերբակալվել է 4 մարդ։
Իհլաս․ Թուրքիայի արևելյան Մուշ նահանգում PKK-ի զինյալների դեմ ձեռնարկված գործողությունների արդյունքում սպանվել է PKK-ի 1 զինյալ, ևս 1-ը ձերբակալվել է։
Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Լիջե և Հանի գավառներում PKK-ի զինյալների դեմ գործողություններ իրականացնելու համար հայտարարվել է պարետային ժամ։
Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Շանլուրֆա նահանգի Ջեյլանփնար գավառում ժանդարմերիան հատուկ գործողություններ է ձեռնարկել PKK-ի երիտասարդական թևի (YDG-H) դեմ։ Արդյունքում ձերբակալվել է կազմակերպության 7 անդամ։
Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ջիզրե գավառի Դաղքափը թաղամասում ուժայինները հայտնաբերել են PKK-ի զինյալների՝ ճանապարհին տեղադրած պայթուցիկ սարք։ Ուժայինները անվտանգության միջոցառումներ են ձեռնարկել և ոչնչացրել պայթուցիկը։
Դողան․ Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգի Խիզան գավառում ոստիկանների ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են պայթուցիկ շշեր («Մոլոտովի կոկտեյլ») և այլ նյութեր։
Դողան․ Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանախագահ Դեմիրթաշը հոկտեմբերի 10-ին Անկարայի պայթյունի համար մեղադրում է իշխող «Արդարության և զարգացումը» կուսակցությանը և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։ Նա ասել է․
«Եթե նույնիսկ չնչին հավանականություն լիներ, որ այդ պայթյունի հետևում կագնած է PKK-ն, ապա կառավարությունը թույլ կտար լրատվամիջոցներին դեպքի մանրամասների վերաբերյալ լուրեր հաղորդել, իսկ կառավարությունը թույլ չի տալիս։ Սա վկայում է, որ ահաբեկչության հեղինակը ԱԶԿ-ն և ԻՊ-ն են»:
Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Քայափնար գավառի Փեյաս թաղամասում բախումներ են եղել ցուցարարների և ուժայինների միջև։ Ցուցարարները ինքնաշեն պայթուցիկներ են նետել ոստիկանների վրա, ինչի արդյունքում վիրավորվել է 1 ուժային։ Ցուցարարներին ձերբակալելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։
Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։
Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:
Լրահոսը թարմացնում են Սոնա Սուքիասյանը, Նանե Մանասյանը, Անահիտ Չալիկյանը
Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 11 — 17 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info