Պայմանագրայինի մահվան պատճառ դարձած ավտովթարի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է պայմանագրային զինծառայողի մահը։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ 2015 թվականի հոկտեմբերի 14-ին` ժամը 18:15-ի սահմաններում, N զորամասի «ԶիԼ 131» մակնիշի ջրատար մեքենան, մարտական դիրք ջուր տեղափոխելիս, ընկել է զառիթափից և շրջվել։

Պատահարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մեքենայի վարորդ, պայմանագրային զինծառայող Բաբկեն Սարուխանյանը տեղում մահացել է, իսկ մեքենայի ավագ սպա Արտակ Անդրեասյանը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել Վանաձորի կայազորային հոսպիտալ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *