ՌԴ ՊՆ-ն պարզաբանում է Սիրիայում ռուսաստանյան կործանիչի՝ ԱՄՆ-ի ինքնաթիռին մոտենալը

Հոկտեմբերի 10-ին Սիրիայում ՌԴ ռազմատիեզերական ուժերի ռադարները 15-30 կմ հեռավորության վրա նկատել են անծանոթ ինքնաթիռ, որից հետո Ռուսաստանի զինուժի Սու-30ՍՄ կործանիչը մոտեցել է օբյեկտին 2-3 կմ հեռավորության վրա ու պարզելով, որ այն ԱՄՆ-ինն է՝ հետ վերադարձել։

ՌԴ ԶՈւ ՍՈւ-30ՄԿ կործանիչը Սիրիայում

ՌԴ ԶՈւ ՍՈւ-30ՄԿ կործանիչը Սիրիայում

Դեպքի առիթով Ռուսաստանի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշված է, որ անհասկանալի է, թե ԱՄՆ-ն ինչու է Սիրիայի տարածքում ՌԴ կործանիչներ տեսնելով անակնկալի եկել, քանի որ՝

Առաջին՝ ՌԴ օդուժի՝ Սիրիայում գտնվելն ամբողջությամբ օրիանական է. իրականացվող գործողությունների համար Ռուսաստանին դիմել են Սիրիայի Արաբական Հանրապետության օրինական իշխանությունները։ Ավելին, գործողությունները համաձայնեցվում են համապատասխան մարմինների հետ։

Երկրորդ՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ինքնաթիռների միջև վիզուալ կոնտակտ պե´տք է հաստատվեր։

Ըստ նույն հաղորդագրության՝ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի Սու-30ՍՄ կործանիչը ուղեկցելիս է եղել Ռուսաստանի՝ Հալեպի շրջանում ԻՊ ահաբեկիչների դեմ գործողություններից հետո վերադարձող ռմբակոծիչներին, երբ ռադարները նկատել են անհայտ ինքնաթիռ, որից հետո Սու-30ՍՄ-ն ընդառաջ է գնացել դրան մինչև 2-3 կմ՝ առանց լարվածություն ստեղծելու որևէ նպատակի։ ԱՄՆ-ի ինքնաթիռը ճանաչելուց հետո ռուսաստանյան կործանիչը վերադարձել է՝ ռմբակոծիչների հետ շարունակելու իրենց ճանապարհը։

Նշենք, որ իրադարձությանն արձագանքել էին արևմտյան մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ BBC-ն, Washington Times-ը, The Independent հեղինակավոր պարբերականները։ ԱՄՆ-ն, առիթից օգտվելով, ևս մեկ անգամ շրջանառության մեջ էր դրել այն միտքը, թե Ասադի՝ «Սիրիայի ժողովրդի մեծամասնության կողմից անընդունելի» կառավարությունը կարողանում է դիմակայել, որովհետև վերջիններիս աջակցում են ՌԴ-ն ու Իրանը՝ կրկին մեղադրելով Ռուսաստանին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերի փոխարեն սիրիական «չափավոր» ապստամբական ուժերին հարվածելու համար, ինչը Ռուսաստանը բազմիցս հերքել է։

Հավելենք, որ իրադարձությանը հաջորդել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի թվով երրորդ վիդեոկոնֆերանսը, որից հետո Ռուսաստանը հայտարարել է, որ իրենց հաջողվել է ևս մեկ քայլ անել ԱՄՆ-ի հետ Սիրիայում օդային տարածքի անվտանգության ապահովման գործում համագործակցության շրջանակներում։

One response to “ՌԴ ՊՆ-ն պարզաբանում է Սիրիայում ռուսաստանյան կործանիչի՝ ԱՄՆ-ի ինքնաթիռին մոտենալը

  1. Pingback: ԱՄՆ-ն ԻՊ դեմ պայքարելու պատրվակով F-15C կործանիչներ է ուղարկելու Թուրքիա | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *