ՌԴ օդուժն ու սիրիական բանակը շարունակում են զինյալներից մաքրել երկրի արևմուտքը

Սիրիական կառավարական բանակը Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան զինյալներին ծանր հարվածներ է հասցրել վերջիններիս վերահսկած ռազմավարական նշանակության Հոմս քաղաքում։ Բրիտանական Reuters լրատվական գործակալությունը, հղում անելով տեղական հեռուստաալիքներից մեկին, հայտնում է, որ կառավարական բանակի գործողությունը հաջորդել է օդային ու հրետանու հարվածներին։

Սիրիական բանակի մարտիկներ

Սիրիական բանակի մարտիկներ

«Սիրիայում Մարդու իրավունքների հարցերով դիտորդական խումբ» (Syrian Observatory for Human Rights) ՀԿ-ի (դիտարկում է Սիրիայում իրադարձություններն արդեն 4 տարի) փոխանցմամբ՝ Հոմսից 5 կմ հեռավորության վրա զոհվել է 5 քաղաքացիական, սպանվել՝ 6 ապստամբ։ Նույն ՀԿ-ն նաև հաղորդում է, որ ապստամբների դիրքերին ծանր հարվածներ են եղել նաև Հոմսից հյուսիս ընկած Թալբիսեհ քաղաքում ու դրան մոտակա գյուղերում, ինչպես նաև Հոմսին հարևան հարավային գյուղերում։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 14-ին հայտնի էր դարձել, որ Սիրիայի Հոմս և Համա նահանգներում գործող զինյալներն ունեն զինամթերքի լուրջ սղություն, ու առանձին դաշտային հրամանատարներ իրենց վերադաս ղեկավարությունից պահանջում են լրացնել զինամթերքի պակասորդը՝ հակառակ դեպքում սպառնալով իրենց խմբերը դուրս բերել մարտական գործողությունների շրջանից։

Նշենք, որ ներկայում Ռուսաստանի ու Իրանի աջակցությամբ սիրիական կառավարական բանակը փորձում է ճանապարհից մաքրել ապստամբներին, որոնք փակել են երկրի՝ կառավարության համար կենսական նշանակության արևմտյան հատվածը։

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սկսել է կետային ավիահարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ-ի ահաբեկիչների ու ապստամբների դիրքերին՝ օգտագործելով Սու-25 գրոհիչներ, Սու-24Մ, Սու-34 ռմբակոծիչներ, իսկ օդային աջակցությունն իրականացնում են Սու-30ՍՄ կործանիչները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *