Հոկտեմբերի 13-ին Աֆղանստան են մեկնել Վրաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի արևմտյան օպերատիվ խմբավորման 2-րդ հետևակային բրիգադի 22-րդ գումարտակը և ազգային գվարդիայի ուժեղացված մի դասակ: Վերջիններս ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում փոխարինելու են ԶՈւ 4-րդ մեխանիզացված բրիգադի 43-րդ գումարտակի զինծառայողներին: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Մոտ 600 զինծառայող առաքելություն է իրականացնելու Աֆղանստանի Բահրամ ավիաբազայում` ամերիկյան զորախմբի հրամանատարության ներքո: Զորախմբին Աֆղանստանում դիմավորել է այդ երկրում Վրաստանի գլխավոր ռազմական ներկայացուցիչի տեղակալ, փոխգնդապետ Մալխազ Կալմախելիձեն և գլխավոր սերժանտ Ալուդա Կոպալիանին:
Հավելենք, որ հոկտեմբերի 12-ին էլ Բահրամ ավիաբազայում ամերիկյան հրամանատարությունը մեդալներով պարգևատրել էր առաքելությունն ավարտող զինծառայողներին: Նշենք, որ այս զորախումբը չի վերադառնում առանց կորուստների:
Սեպտեմբերի 22-ին Աֆղանստանի Բահրամ ավիաբազայում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում պարեկություն անելու ժամանակ «Թալիբան» զինյալների հարձակման հետևանքով զոհվել էր Վրաստանի ԶՈւ 4-րդ մեխանիզացված բրիգադի 43-րդ գումարտակի շարքային, 21-ամյա Վասիլ Կղուլջանիշվիլին, ևս մեկ զինծառայող վիրավորվել էր:
Հիշեցնենք, որ 43-րդ գումարտակի զինծառայողներն Աֆղանստանում «Վճռական աջակցություն» (Resolute Support) առաքելությանը ներգրավվել էին 2015 թվականի ապրիլից՝ փոխարինելով ԶՈւ 5-րդ հետևակային բրիգադի 51-րդ գումարտակին։ Վերջիններս 6 ամիսների ընթացքում ապահովել են Բահրամ ավիաբազայի անվտանգությունը՝ ամերիկյան «Սոլիդ» մարտավարական խմբավորման ղեկավարությամբ։
2014 թվականի Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) առաքելությանը 2015 թվականից փոխարինեց «Վճռական աջակցություն» առաքելությունը։ Վրաստանը միացավ նաև 2015 թվականից Աֆղանստանում մեկնարկած վերջնական «Վճռական աջակցություն» առաքելությանը՝ ամերիկյան զորախմբի կազմում։ Այս առաքելությունը ոչ մարտական է, հիմնական նպատակն է մարզել և վերապատրաստել Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչներին