Հոկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են պաշտպանական հարցերի վերաբերյալ մեկշաբաթյա հավաք-պարապմունքներ, որոնց մասնակցում են ՀՀ գործադիր իշխանության, պետական և տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձինք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, հայտնում է ՊՆ տեղեկատվության վարչությունը:
Հավաք-պարապմունքների շրջանակներում պաշտպանական գերատեսչության, ինչպես նաև պետական կառավարման այլ մարմիների ներկայացուցիչներ մասնակիցներին ներկայացնելու են պետությունը և պետության միասնական կառավարման համակարգը ռազմական դրության փոխադրելու հիմնադրույթները, ժամանակակից պատերազմների բնույթը ու զորահավաքային խնդիրները:
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն ընդգծել է, որ նմանաբնույթ հավաքներն ամրապնդում են պետության պաշտպանունակությունը ու նպաստում հնարավոր թերացումների բացառմանը:
Անդրադառնալով սեպտեմբերին ՀՀ-ում անցկացված «Շանթ 2015» զորավարժությանը՝ Յուրի Խաչատուրովը բարձր է գնահատել ներգրավված կառույցների գործողություններն ու զորավարժության արդյունքները: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հավաքի մասնակիցներին է ներկայացրել նաև հայ-ադրբեջանական սահմանագոտում առկա իրադրությունն ու տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը:
Հիշեցնենք, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաների համար 2009 թվականից ի վեր կազմակերպվող ամենամյա հավաք-պարապմունքների նպատակն է ամրապնդել ռազմական անվտանգության համակարգում պետական բոլոր կառույցների փոխգործակցությունը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների շրջանում բարձրացնել ռազմական անվտանգության ապահովման գործում պաշտոնական պարտականությունների և իրավասությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:
Pingback: Պաշտոնատար անձանց համար ամենամյա հավաք-պարապմունքներ ՀՀ ՊՆ-ում | Ռազմ.info