Սիրիայի բանակի բարձրագույն հրամանատարությունը հոկտեմբերի 12-ին լրատվամիջոցներին որոշ մանրամասներ է ներկայացրել երկրի տարածքում կռվող ահաբեկչական խմբավորումների դեմ ընթացող ցամաքային մարտերում գրանցած հաջողությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը։
Սիրիական բանակի հրամանատարությունը տեղեկացրել է, որ ցամաքային բոլոր զորատեսակների ներգրավմամբ իրականացրած գրոհների արդյունքում հնարավոր է եղել հաջողություններ գրանցել մի շարք ուղղություններում։ Մասնավորապես, կառավարական ուժերի վերահսկողության տակ են անցել Հալեպի տնտեսական ազատ գոտին, ինչպես նաև 13 բնակավայրեր Համա և Լաթակիա նահանգներում։
Նշվել են նաև որոշ տվյալներ՝ ոչնչացված ահաբեկիչների և նրանց սպառազինության վերաբերյալ։ Ըստ այդմ, ցամաքային գրոհի ժամանակ ոչնչացվել են ահաբեկիչների 5 ավտոմեքենա՝ կահավորված ծանր գնդացիրներով, ամերիկյան արտադրության հակատանկային հրթիռային 3 միավոր TOW համալիր, ինչպես նաև զենք-զինամթերքով բեռնված 20 ավտոմեքենա։
Եթե հավատանք Սիրիայի բանակի հայտարարությանը, ռուսաստանյան ավիահարվածների օգնությամբ սիրիական բանակի ցամաքային գրոհներն ու դրանցում գրանցած հաջողությունները զգալիորեն բարոյալքել են Սիրիայի տարածքում կռվող ահաբեկչական տարբեր խմբավորումների զինյալներին, որոնց զգալի մասը սկսել է լքել մարտադաշտը՝ անցնելով Թուրքիայի տարածք։ Ի դեպ, նման պնդումներ են արվում նաև վերջին օրերին ՌԴ ՊՆ օպերատիվ շտաբի տարածած ամենօրյա հաղորդագրություններում։
Հիշեցնենք, որ 2011-ից ձգվող սիրիական ճգնաժամը շրջադարձային փուլ մտավ 2015-ի սեպտեմբերի 30-ից, երբ ստանալով երկրի նախագահ Բաշար Ասադի պաշտոնական խնդրագիրը, ՌԴ ռազմատիեզերական ուժերը սկսեցին զինյալների ենթակառուցվածքների ռմբակոծությունը։ Սիրիայում ՌԴ-ի ավիացիոն զորախումբը կազմում են Սու-24Մ և Սու-34 ռմբակոծիչները, Սու-25ՍՄ գրոհիչներն ու Սու-30ՄԿ կործանիչները։ Առկա է նաև ուղղաթիռային ավիապարկ՝ կազմված Մի-24 հարվածային ուղղաթիռներից։
Հիշեցնենք, որ բացի վերոնշյալ տեխնիկայից, Սիրիայի տարածքում կռվող իսլամիստների ենթակառուցվածքներին հարվածներ հասցրեցին նաև ՌԴ Կասպյան նավատորմիղի 4 ռազմանավերը՝ արձակելով «Կալիբր» 3Մ14 տեսակի թևավոր 26 հրթիռ, որոնք նշանակետին հասան Իրանի և Իրաքի օդային տարածքով՝ անցնելով ավելի քան 1500 կմ տարածություն։