Թուրքիայի բազմազգ տեսչական խումբն այցելել է ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկը

2015թ. հոկտեմբերի 11-ից 14-ը Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈւ) մասին պայմանագրի շրջանակներում Թուրքիայի բազմազգ տեսչական խումբը «Հայտարարված վայրի» տեսչություն է իրականացնում ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկում: Այս մասին հոկտեմբերի 12-ին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, տեսչության նպատակն է ստուգել տվյալ զորամասում ԵՍԶՈւ պայմանագրի դրույթների համաձայն սահմանափակվող սպառազինության ու տեխնիկայի, անձնակազմի թվաքանակի, զորամասի սխեմայի և շինությունների հատակագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից տրվող ամենամյա տարեկան տեղեկատվության հավաստիությունը:

Նշենք, որ 1993 թվականից սկսած նույն պայմանագրի շրջանակներում Հայաստանը տեսչական այցեր է իրականացրել Հունաստանում, Թուրքիայում և այլ երկրներում, ինչպես նաև մասնակցել է Բուլղարիայում, Ուկրաինայում, Մեծ Բրիտանիայում, Մոլդովայում և այլ երկրներում իրականացված բազմազգ տեսչական ստուգումներին:

Ըստ ՀՀ արտգործնախարարության տվյալների՝ այս պայմանագիրն իրավական առումով պարտադիր փաստաթուղթ է, պահանջում է ռազմական տեղեկատվության ընթացիկ և տարեկան փոխանակում, ինչպես նաև ներառում է հավաստագրման, սպառազինությունների կրճատման և տեսչական ստուգումների իրականացման մասին դրույթներ: Հայաստանը յուրաքանչյուր տարի պարտավորվում է ընդունել իր զինված ուժերի չորս տեսչական ստուգումներ: Մինչ օրս իրականացված տեսչական ստուգումների արդյունքներով ՀՀ կողմից պայմանագրի խախտման որևէ դեպք երբևէ չի գրանցվել :

Հիշեցնենք, որ ընդամենը 10 օր առաջ Հայաստանը սովորական սպառազինությունների վերահսկման միջազգային համակարգում Վիեննայի 2011թ. Փաստաթղթի շրջանակներում Ֆրանսիայի բազմազգ տեսչական խումբը «Նշված շրջանի» տեսչություն է անցկացրել Հայաստանի տարածքում: Տեսչական խումբն այցելել է 3-րդ բանակային կորպուսի զորամասեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *