Իրաքի մայրաքաղաք Բաղդադից մոտ 160 կմ դեպի հարավ տեղակայված Էլ-Քութ ավիաբազայում հոկտեմբերի 10-ին կայացել է երկրի զինված ուժերի՝ առաջին հարվածային անօդաչու թռչող սարքերի համալրման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել նաև երկրի պաշտպանությանա նախարար Խալիդ ալ-Օբեյդին։ Այս մասին հայտնում է Իրաքի ՊՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում ասվում է, որ իրաքյան բանակի շարքերը համալրած մի քանի ԱԹՍ-ները ներգրավվելու են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։ Նշվում է, որ դրանք օգտագործվելու են ոչ միայն հետախուզական առաջադրանքներ կատարելու, այլև իսլամիստների դիրքերին հրթիռային հարվածներ հասցնելու համար։
Իրաքի պաշտպանության նախարարությունը հաղորդագրությունում չի նշել, թե որ երկրից և ինչ մոդելի ԱԹՍ-ներ են համալրել երկրի զինված ուժերի շարքերը, սակայն, դատելով լուսանկարներից, դրանք չինաստանյան արտադրության CH-4B հարվածային թռչող սարքերն են։
CH-4 ԱԹՍ-ի «B» մոդիֆիկացիան ունի հրթիռների ամրակցման 6 կետ և կարող է բարձրացնել մինչև 350 կգ զանգվածով սպառազինություն՝ որոնց թվում նաև լազերային նշանառությամբ հակատանկային հրթիռներ։ Թռչող սարքը կարող է անդադար օդում մնալ մինչև 14 ժամ և կառավարվել օպերատորի տեղակայման վայրից մինչև 250 կմ հեռավորության վրա։ ԱԹՍ-ի թռիչքի առաստաղը 5000 մետր է, առավելագույն արագությունը՝ կախված սպառազինության զանգվածից, 150-180 կմ/ժ։