Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Սըհհիյե հրապարակում մի քանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնած հակապատերազմական ցույցի ժամանակ 2 հզոր պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել է 86 մարդ, ևս 186-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Պայթյունից հետո Թուրքիայի գործող նախագահ Էրդողանը հայտարարել է. «Պայթյունը սպառնում է մեր ժողովրդի և պետության միասնականությանը: Մեր պետությունը հնարավոր ամեն ինչ կանի դեպքի մանրամասները ճշտելու և մեղավորներին պատժելու համար: Այս պայթյունը իրականացնողները նպատակ ունեն մեր հասարակության տարբեր խմբերի միջև բախումներ սկսել»:
Նշենք նաև, որ Էրդողանը պայթյունի պատճառով հետաձգել է Թուրքմենստան նախատեսված այցը:
Քննադատական հայտարարություններ է արել նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը՝ պայթյունի համար մեղադրելով պետությանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը: Այս մասին հայտնում է «Հաբերթուրք» լրատվական կայքը:
Ի պատասխան Դեմիրթաշի հայտարարությանը` Թուրքիայի գործող վարչապետ Դավութօղլուն հայտարարել է, որ քաղաքական կուսակցության նախագահին վայել չէ կառավարությանը մեղադրել պայթյունի համար, այն դեպքում, երբ կոնկրետ տեղեկությունների չկան դեպքի առթիվ։ Նա ասել է․ «Սա Դեմիրթաշի բացահայտ սադրանք է: Նրա նպատակը մեր սրտերում եղած կրակի կայծերը ամբողջ երկրիրը ընդգրկող հրդեհի վերածելն է: Վստահ եմ, որ HDP-ին ձայն տվողները Դեմիրթաշին և նրա կուսակցության ցույց կտան իրենց արժանի վերաբերմունքը»: Այս մասին հայտնում է թուրքական «Սաբահ» թերթը:
Նշենք նաև, որ պայթյունից հետո ցույցեր են կազմակերպվել Ստամբուլում և այլ քաղաքներում, ինչպես հայտնում է BBC Turk-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում նմանատիպ մի ահաբեկչություն էլ քրդերի դեմ էր իրականացվել: Պայթյունի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին, ինչին հաջորդեցին քրդերի և Թուրքիայի կառավարական ուժերի միջև բախումները, որոնք շարունակվում են առ այսօր։