Ադրբեջանում գտել են օրեր առաջ զորամասը զինված ու ինքնակամ լքած զինծառայողի դին

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, տարածել է հաղորդագրություն՝ հայտնելով, որ դեռևս հոկտեմբերի 6-ին զինված ուժերի զինծառայող, շարքային Ալիև Մուրադ Ալիզադե օղլուն (Əliyev Murad Əlizadə oğlu) ինքնակամ լքել է ծառայության վայրը։ Ձեռնարված որոնողական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 9-ի երեկոյան ժամերին հայտնաբերվել է շարքային Ալիևի դին։ Նշվում է նաև, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, զինդատախազությունն իրականացնում է հետաքննություն։

Մահացած զինծառայող Մուրադ Ալիևը

Մահացած զինծառայող Մուրադ Ալիևը

Դեպքի առթիվ այլ մանրամասներ Ադրբեջանի ՊՆ-ն չի նշում, սակայն որոշ հավելյալ տեղեկություններ հայտնում են ադրբեջանական այլ աղբյուրները՝ սոցցանցերում։

Մասնավորապես նշվում է, որ մահացածը, ով ծնված էր 1997-ին, ծառայում էր Գերանբոյում տեղակայված զորամասերից մեկում։ Նրա դին այսօր Բաքվում հանձնել են հարազատներին, իսկ զորամասից հայտնել են, որ Ալիևն ուներ շեղումներ կրոնական հողի վրա ու  զորամասը լքելիս իր հետ վերցրել էր ավտոմատ՝ նպատակ ունենալով սպանել սեփական հորը։ Զինծառայողի հարազատները, սակայն, այս ամենին չեն հավատում։

Նկատենք, որ առայժմ չկա հստակ տեղեկություն Մուրադ Ալիևի մահվան պատճառի վերաբերյալ։ Հայտնի չէ՝ զինծառայողն ինքնասպա՞ն է եղել, թե՞ նրան սպանել են կալանավորման փորձի ժամանակ, երբ հայտնաբերել են։

Հավելենք, որ 2015-ի հոկտեմբերին սա Ադրբեջանի բանակում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում գրանցված մահվան ելքով 2-րդ միջադեպն է, որի մասին հայտնի է դարձել։

3 responses to “Ադրբեջանում գտել են օրեր առաջ զորամասը զինված ու ինքնակամ լքած զինծառայողի դին

  1. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի հոկտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *