Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ հոկտեմբերի 11-ին՝ 13։12-ի դրությամբ սպանվել է 2 ուժային, ձերբակալվել է 16 մարդ: Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը։
Սաբահ․ PKK-ի զինյալների դեմ հատուկ գործողությունները շարունակելու համար Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի ժանդարմերիայի 23-րդ սահմանային դիվիզիայի հրամանատարություն է ուղարկվել 70 զինվորական մեքենաններից կազմված շարասյուն, այդ թվում նաև «Կոբրա», «Քիրփի» զրահամեքենաներ։
Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին գավառում բախումներ են եղել PKK-ի երիտասարդական թևի (YDG-H) անդամների միջև։ YDG-H-ի անդամները ինքնաշեն պայթուցիկներ են նետել ուժայինների վրա։ Զոհեր և վիրավորներ չկան։ YDG-H-ի անդամներին ձերբակալելու համար ուժայինները ձեռնարկել են հատուկ գործողություններ։
Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ նահանգի Էրուհ գավառում PKK-ի դեմ ձեռարկված հատուկ գործղությունների արդյունքում ձերբակալվել է 16 մարդ, այդ թվում նաև «Դեմոկրատական շրջաններ կուսակցության» (DBP) գավառային կառույցի նախագահ Յըմազ Այդընը։
Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայք․ Թուրքիայի արևելյան Էրզրում նահանգի Շենքայա գավառում PKK-ի զինյալների դեմ ձեռնարկված հատուկ գործողությունների ժամանակ ծանր վիրավորված 2 ուժայինները ավելի ուշ մահացել են հիվանդանոցում։
Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։
Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:
Լրահոսը թարմացնում են Սոնա Սուքիասյանը, Նանե Մանասյանը, Անահիտ Չալիկյանը
Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 11 — 17 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info