ՌԴ ԶՈւ գեներալը հերքել է, թե Մոսկվան պատրաստվում է նոր ՌՏԿ կառուցել Ադրբեջանում

ՌԴ-ն Ադրբեջանում տեղակայված և շահագործումից հանված «Դարյալ» տիպի ռադիոտեղորոշման կայանի փոխարեն «Վորոնեժ» տիպի ՌՏԿ չի կառուցելու և նպատակահարմար չի գտնում նման համակարգերի հիմնումը այլ պետությունների տարածքում։

«Վորոնեժ» տիպի ՌՏԿ

«Վորոնեժ» տիպի ՌՏԿ

Ռուսաստանյան «ՌԻԱ» գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հոկտեմբերի 4-ին հանդես է եկել ՌԴ ԶՈւ օդատիեզերական ուժերի 15-րդ բանակի շտաբի պետ, գեներալ-մայոր Անատոլի Նեստեչուկը՝ մեկնաբանելով վերջերս լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունը, թե ՌԴ-ն կարող է ռատիոտեղորոշման նոր կայան կառուցել Ադրբեջանում։

«Գտնում եմ, որ հայրենական համակարգերը պետք է տեղակայվեն ՌԴ-ի տարծաքում, միայն այդ դեպքում դրանք երաշխավորված կկատարեն իրենց առջև դրված խնդիրները»,- նշել է բարձրաստիճան զինվորականը։

Նա հավելել է, որ ներկայում ՌԴ-ի սահմաններից դուրս տեղակայված են «Դնեպր» տիպի ՌՏԿ-ն Ղազախստանում և «Վոլգա» տիպի ՌՏԿ-ն Բելառուսում, սակայն կան բուն ՌԴ-ի տարածքում տեղակայված և այդ ուղղություններով գործող այլընտրանքային կայաններ, որոնք անհրաժեշտության դեմքում կարող են ամբողջությամբ կատարել երկրի սահմաններից դուրս տեղակայված կայանների գործառույթները։

Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ պաշտոնական «Զվեզդա» հեռուստաալիքի կայքում 2015-ի օգոստոսի 17-ին, լույս էր տեսել ՌԴ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության կազմակերպմանը նվիրված հոդված, որում նշվում է նաև, թե Ռուսաստանը 2017-ից պլանավորում է Ադրբեջանում կառուցել հեռավոր հայտնաբերման ռադիոտեղորոշման նոր կայան։

Հրապարակման մեջ նշվում էր, թե խոսքը «Վորոնեժ» ռադիոտեղորոշման կայանի (ՌՏԿ) մասին է, որի կառավարումն իրականացնելու է բացառապես ռուսաստանյան կողմը։

Ռուսաստանյան «Վորոնեժ» ռադիոտեղորոշման կայանը նախատեսված է հակառակորդի ինչպես աերոդինամիկ, այնպես էլ բալիստիկ թիրախների, այդ թվում՝ թևավոր հրթիռների հայտնաբերման և ուղեկցման համար, ինչից հետո թիրախների կոորդինատները փոխանցվում են արդեն հակաօդային պաշտպանության խոցման միջոցներին։ Նշվում է նաև, որ «Վորոնեժ» ՌՏԿ-ն ունակ է միաժամանակ ուղեկցել մինչև 500 օդային թիրախ մինչև 6 հազար կմ հեռավորության վրա։

Հիշեցնենք, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանի Գաբալա քաղաքից ոչ հեռու տեղակայված ռադիոտեղորոշման կայանի շահագործումը Ռուսաստանի կողմից շարունակվեց ընդհուպ մինչև 2012-ի դեկտեմբերը, երբ լրացավ դրա վարձակալության ժամկետը։

Գաբալայի ՌՏԿ-ի գործունեության դադարեցման և դրա պատճառների վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

One response to “ՌԴ ԶՈւ գեներալը հերքել է, թե Մոսկվան պատրաստվում է նոր ՌՏԿ կառուցել Ադրբեջանում

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 4 — 10 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *