ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում շարունակվում է սեպտեմբերի 30-ին մեկնարկած ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունը։ Առաջին օրը մասնակից ստորաբաժանումների և ՀԽՈՒ հրամանատարական կազմի համար պարզաբանվել են խաղաղապահ գործողությունների անցկացման,հակամարտության գոտիներում խաղաղապահ ուժերի ձևավորման և վերախմբավորման, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերի մշակման հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ՀԱՊԿ ՀԽՈՒ ազգային ստորաբաժանումների անձնակազմը ծանոթացել է զորավարժությանը ներգրավված սպառազինության և ռազմական տեխնիկայի բնութագրերին, դաշտային հոսպիտալի բացազատման, տեղանքի հումանիտար ականազերծման խնդիրների կատարման առանձնահատկություններին, և ձեռնամուխ է եղել խաղաղապահ գործողությունների անցկացման գոտում մարդասիրական բեռների ուղեկցման, անցակետերում և դիտակետերում պարեկային հերթապահության և ծառայության կազմակերպման գործնական պարապմունքներին:
Նշենք, որ գործնական պարապմունքներին մասնակցել են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները, ովքեր ՀԱՊԿ ՀԽՈՒ ազգային ստորաբաժանումների անձնակազմին ծանոթացրել են խաղաղապահ գործողությունների անցկացման շրջանում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կիրառման սկզբունքներին:
Զորավարժության երկրորդ փուլի ընթացքում` հոկտեմբերի 1-ին, շարունակվել են ՀԱՊԿ ՀԽՈՒ կողմից խաղաղապահ գործողության նախապատրաստական աշխատանքները և գործնական պարապմունքները:
Զորավարժության սցենարի համաձայն` ՀԱՊԿ ՀԽՈՒ Միացյալ հրամանատարությանն է հանձնվել խաղաղապահ գործողության անցկացման մանդատը և գործողությունների ղեկավարումը ստանձնել է ձևավորված ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի Միացյալ շտաբը:
Անցկացվել են զինյալների ճամբարների մեկուսացման և չեզոքացման, դիտակետերում պարեկային հերթապահության կազմակերպման, կարողություններ զարգացման և անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերի մշակման գործնական պարապմունքներ:
Հիշեցնենք, որ զորավարժությանը ներգրավված են ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջ 600 զինծառայողներ, ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա, ավիացիոն միջոցներ: