Ադրբեջանի զինուժի ձախողումների ֆոնին այդ երկիր է ժամանում Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը

Հոկտեմբերի 5-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ այցի շրջանակներում նախատեսվում է Հուլուսի Աքարի ու Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հանդիպումը։ Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն Ադրբեջանում մնալու է մինչև հոկտեմբերի 7-ը։

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը

Նկատենք, որ Թուրքիայի զինված ուժերի ԳՇ պետի այցն Ադրբեջան հաջորդում է հայ-ադրբեջանական սահմանին և ուժերի շփման գծում օպերատիվ իրավիճակի սրմանը։ Հիշեցնենք, որ հակառակորդի կողմից Տավուշի բնակավայրերի գնդակոծման և հրետակոծման հետևանքով սեպտեմբերի 24-ին սպանվել էր 3 խաղաղ բնակիչ։ Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժը հրետակոծել էր պաշտպանության բանակի` թիկունքում տեղակայված զորավարժարանը, ինչի հետևանքով զոհվել էր 4 և վիրավորվել 16 զինծառայող։

Այս իրադարձություններին հաջորդեցին հայկական կողմի պատժիչ գործողությունները` շփման գծի ողջ երկայնքով, որոնց հետևանքով կրած կորուստներից Ադրբեջանի ՊՆ-ն խոստովանեց միայն 4 սպանվածի և 3 վիրավորի մասին։ Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը, սակայն, սեպտեմբերի 30-ին Արցախի խորհրդարանում հայտարարեց, որ ՊԲ համապատասխան ծառայությունների ստացած տվյալների համաձայն, Ադրբեջանի ԶՈւ-ն անցնող օրերին ունեցել է 2 տասնյակից ավելի կորուստ, իսկ զինհոսպիտալներ է տեղափոխվել 60-ից 80 վիրավոր։ Ընդ որում, պատժիչ գործողությունների իրականացման ընթացքում հայկական կողմին հաջողվել է խուսափել կորուստներից։

Ավելի վաղ ՊԲ մամուլի ծառայությունը հրապարակել էր նաև պատժիչ գործողությունների արդյունքում սպանված ադրբեջանցի 6 զինծառայողի անունները, որոնց մասին Ադրբեջանի ՊՆ-ն փորձել էր թաքցնել։

Այս իրադարձությունների ֆոնին, չի բացառվում, որ Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետի գլխավորած պատվիրակության այցն Ադրբեջան պայմանավորված է Բաքվի ձախողմամբ և դրա պատճառների որոնման անհրաժեշտությամբ, քանի որ գաղտնիք չէ՝ Թուրքիան մեծ դերակատարում ունի ադրբեջանական բանակի մարտական պատրաստության ապահովման գործում։

Նշենք, որ այս օրեին Արցախյան հարցի շուրջ Ադրբեջանին ևս մեկ անգամ հրապարակավ իր աջակցությունն է հայտնել նաև Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ով, սեպտեմբերի 30-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից, անդրադարձել է նաև Հարավային Կովկասի հակամարտություններին՝ նշելով, որ այս տարածաշրջանը շարունակում է մնալ անկայուն, իսկ 3 խնդիրները՝ չլուծված։ Նա հավելել է, որ իրենք վճռական են շարունակելու իրենց ջանքերը՝ ուղղված հակամարտության՝ (նկատի ունի Արցախյան հակամարտությունը,  Ռազմինֆո) «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» շրջանակներում լուծմանը։

2 responses to “Ադրբեջանի զինուժի ձախողումների ֆոնին այդ երկիր է ժամանում Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը

  1. Pingback: Ալիևն ընդունել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ նորանշանակ պետին | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանում է Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *