Սեպտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի և Ղազախստանի նորանշանակ ռազմական կցորդին, ինչպես նաև ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող Իրանի արտակարգ և լիազոր դեսպանին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը։
Ընդունելով ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին և ՌԴ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին՝ նախարարը շնորհավորել է վերջինիս ստանձնած նոր պարտականությունների առիթով։
Ինչպես նշվում է ՊՆ հաղորդագրոթյունում, ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը հյուրերին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում ստեղծված իրավիճակի մասին։
Օհանյանը հայտնել է, որ վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրադրության հետևողական սրման, մեծ տրամաչափի զինատեսակների, մասնավորապես հրետանու կիրառման, խաղաղ բնակավայրերի հրետակոծման պայմաններում ՀՀ զինված ուժերին և Պաշտպանական բանակին այլ բան չի մնում, քան դիմելու ռազմական և ռազմաքաղաքական այնպիսի գործողությունների, որոնք հակառակորդին կստիպեն հրաժարվել ուժի կիրառման մտադրություններից, կթոթափեն անպատժելիության և սեփական գերազանցության պատրանքը և նրան կվերադարձնեն խաղաղ բանակցային սեղանի շուրջ:
Նույն օրը Սեյրան Օհանյանն ընդունել է նաև Ղազախստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Կանատ Հասենովին` Հայաստանում Ղազախստանի նորանշանակ ռազմական կցորդի հավատարմագրման կապակցությամբ: Նախարարը շնորհավորել է Ղազախստանի ռազմական կցորդ, գնդապետ Կենժեբեկ Օռիմբաևին, մաղթելով նրան նորանոր հաջողություններ պատասխանատու առաքելության մեջ։
Այս հանդիպման ժամանակ ևս պաշտպանության նախարարը ներկայացրել է առաջնագծում իրավիճակը։
Սեպտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է նաև Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:
Օհանյանը նշել է, որ վերջին շրջանում Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկան արտահայտում է կողմերի միջև հաստատված բարձր մակարդակի հարաբերությունները շարունակաբար զարգացնելու փոխադարձ վճռականությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը, միջազգային զարգացումներին և Արցախյան հակամարտությանն առնչվող հարցեր:
Pingback: Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ ռազմական կցորդին | Ռազմ.info