Խաչատուրով. Արցախում խաղաղապահ ուժեր մտցնելու անհրաժեշտություն այս պահին չկա

Արցախյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր մտցնելու անհրաժեշտություն այս պահին չկա: Մենք ինքներս էլ կարող ենք զսպել սադրանքները, որոնց ամեն օր դիմում է Ադրբեջանը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժությունների բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, հաղորդում է հայաստանյան Panorama.am լրատվակայքը։

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով

Ինչպես տեղեկացնում է լրատվամիջոցը, Խաչատուրովը հայտնել է, որ միայն վերջին 15 օրվա ընթացքում ադրբեջանական կողմը մի քանի հազար արկ և ական է օգտագործել, որոնք պայթել են հայկական խաղաղ բնակավայրերում, դիրքերում, թիկունքում՝ առաջնագծից 10 կմ հեռավորության վրա։ «Մենք համարժեք պատասխան ենք տվել։ Նրանք լուրջ կորուստներ ունեն»,— մասնավորեցրել է Խաչատուրովը։

ՀՀ ԶՈւ ԳՇ պետն անդրադարձել է նաև առաջանագծից դիպուկահարներին հետ քաշելու թեմային և նշել, որ հայկական կողմը Ադրբեջանին բազմիցս է առաջարկել դա, սակայն Ադրբեջանը մերժողական կեցվածք է ընդունել:

Հարցին, թե մտահոգիչճ չէ, որ ՀԱՊԿ-ն սահմանային լարվածության վերաբերյալ չի արձագանքում, ի պատասխան Յուրի Խաչատուրովը պատասխանել է, որ «լուրջ արձագանքը» ցանկալի է: «Մենք նույն անվտանգության համակարգում ենք, օգնություն դեռ չենք խնդրում, բայց զուտ մարդկային աջակցությունը ցանկալի է»,—ավելացրեց Խաչատուրովը:

Նշենք, որ ըստ Panorama.am-ի, զորավարժության բացման ժամանակ ՀԱՊԿ տեսանկյունից խոսել է Կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Վերջինս նշել է, որ «Հայաստանի Զինված ուժերն ու ազգային անվտանգության համակարգն ի վիճակի են համարժեք պատասխան տալ Լեռնային Ղարաբաղի տարածքում Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին»։

Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի չարձագանքելուն, Սեմերիկովը նշել է, որ «այն, որ արձագանք չի եղել, հնարավոր է այն պատճառով է, որ դեռ այդքան էլ երկար ժամանակ չի անցել»։

One response to “Խաչատուրով. Արցախում խաղաղապահ ուժեր մտցնելու անհրաժեշտություն այս պահին չկա

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան․ 27 սեպտեմբերի — 3 հոկտեմբերի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *