Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ սեպտեմբերի 27-ին՝ 15։25 դրությամբ սպանվել է PKK-ի 2 զինյալ, 1 քաղաքացիական անձ, վիրավորվել 2 ուժային, 9 քաղաքացիական անձ: Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը։
Իհլաս․ Թուրքական աղբյուրները պնդում են, որ Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսում PKK-ի զինյալների 11 հենակետ է ոչնչացրել։
Իհլաս․ Թուրքիայի Գիրեսուն նահանգի Գյուջե գավառում PKK-ի զինյալները նռնականետերով և հրազենով հարձակվել են ժանդարմերիայի բաժանմունքի վրա։ Վիրավորվել է 4 քաղաքացիական։
Իհլաս․ Թուրքիայի Շրնաք նահանգի Բեյթյուշեբափ գավառում PKK-ի զինյալները հարձակվել են հատուկ գործողություն իրականացնող զինվորականների վրա։ Հարձակումը հետ մղելու նպատակով դեպքի վայր են ժամանել լրացուցիչ ուժեր։ Երկու զինվորական վիրավորվել է։
Իհլաս․ Թուրքիայի Մուշ նահանգի Վարթո գավառում PKK-ի զինյալները հարձակվել են Վարթո-Հընըս ճանապարհի վրա պարեկություն իրականացնող ոստիկանական զրահապատ մեքենայի վրա։ Ոստիկանության պատասխան կրակից հետո PKK-ի զինյալները փախել են։
Իհլաս․ Թուրքիայի Շրնաք նահանգի Իդիլ գավառում PKK-ի զինյալները հարձակվել են պարեկություն անող ոստիկանական զրահապատ մեքենաների վրա։ Ոստիկանության պատասխան կրակից հետո զինյալները դիմել են փախուստի։
Իհլաս․ Թուրքիայի Թունջելի նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում առգրավվել է PKK-ի զինյալներին պատկանող զենք-զինամթերք և մի շարք փաստաթղթեր։
Իհլաս․ Թուրքիայի Շրնաք նահանգի Ուլուդերե շրջանում PKK—ի երկու կին զինյալ է հանձնվել անվտանգության ուժերին։
Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգում անվտանգության ուժերը մի շարք գավառներում և շրջաններում որոնողական աշխատանքներ են իրականացրել։ Արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են պայթուցիկ շշեր՝ «Մոլոտովի կոկտեյլներ», իսկ Իփեքյոլու գավառի դպրոցներից մեկի շրջակայքում հայտնաբերվել է ինքնաշեն պայթուցիկ սարք։
Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Բիսմիլ գավառում PKK-ի զինյալները նռնակներ են նետել ոստիկանական զրահամեքենայի վրա։ Հարձակման հետևանքով վնասվել են նաև շրջակայքի տները, սպանվել է 1 երեխա, վիրավորվել ևս 5 քաղաքացիական անձ։
Նույն նահանգի Սուր գավառում բախումներ են եղել ուժայինների և PKK-ի զինյալների միջև, ինչի արդյունքում սպանվել է PKK-ի 2 անդամ։
Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։
Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:
Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 27 սեպտեմբերի — 3 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info