ԱԳ նախարարը ՀԱՊԿ գործընկերներին ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտումները

Սեպտեմբերի 26-ին Հայաստանի ԱԳ նախարար, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում մասնակցել է Հավաքական անվտանգության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ կայքը։

Էդվարդ Նալբանդյանը իր գործընկերներին տեղեկացրել է վերջին օրերին Ադրբեջանի սադրանքների, հրադադարի կոպիտ խախտումների հետևանքով հայ-ադրբեջանական հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի և այդ կապակցությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ։

Նախարարները քննարկեցիլ են նաև Հավաքական անվտանգության խորհրդի 2015թ. սեպտեմբերի նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը, ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցեր։ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի անդամներն անդրադարձել են նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 70-րդ նստաշրջանի օրակարգային հարցերին։

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող խնդիրների, ահաբեկչության դեմ պայքարի, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ, անդրադարձել են Սիրիայի և Իրաքի իրադարձություններին։

Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանը ՀՀ նախագահ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի անունից ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին հանձնել է ՀԱՊԿ պատվոգիրը՝ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ամրապնդման գործում ակտիվ դերակատարության համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *