Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 20-26 սեպտեմբերի, 2015

Ադրբեջանի՝ հրադադարի կոպիտ խախտումները Հայաստանի հետ սահմանին • Միջադեպերի պատճառով մահացել է երկու զինծառայող • Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժության մանրամասները • Հայաստանում անցկացվել է հայ-ռուսական միացյալ զորախմբի զորավարժություն • Քննարկվել է ԶՈւ հրամանատարական պատրաստության վիճակը • Պաշտպանության նախարարին ներկայացվել են Հայաստանում արդիականացված հրազենային զինատեսակներ • ՀՕՊ զորամասի զինծառայողները ստացել են բնակարաններ, մինչև տարեվերջ բնակարան կստանան նաև ՊԲ մի խումբ զինծառայողներ • ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ նախագահ Սարգսյանն այցելել է Եռաբլուր, պարգևատրել է մի խումբ զինծառայողների • ՀԱՊԿ-ում քննարկվել է ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծումը • «Փոքր Մհեր» կրթահամալիրը զոհված զինծառայողին նվիրված միջոցառում է կազմակերպել

Թշնամու կրակած Դ-30 հաուբիցի արկի անկման տեղը․ Լուսանկարը ՊԲ հաղորդագրությունից

Թշնամու կրակած Դ-30 հաուբիցի արկի անկման տեղը․ Լուսանկարը ՊԲ հաղորդագրությունից

Սեպտեմբերի 21-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում՝ Ոսկեվանի ուղղությամբ, հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով բեկորային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող։ Առաջին բուժօգնություն ստանալուց հետո զինծառայողը վերադարձել է ծառայության։

Սեպտեմբերի 22-ին ՀՀ Տավուշի մարզի Այգեպար բնակավայրի ուղղությամբ ԵԱՀԿ դիտորդները անցկացրել են հայ-ադրբեջանական սահմանի դիտարկում, որն անցել է առանց միջադեպերի: ԵԱՀԿ պաշտոնյաները ՀՀ ՊՆ ներկայացուցիչների հետ եղել են նաև հակառակորդի կրակահերթերից տուժած սահմանամերձ բնակավայրերից մեկում, տեղում արձանագրել են գնդակոծության հետքերը:

Սեպտեմբերի 24-ին ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների պատճառով Պառավաքարում սպանվել է մեկ, Բերդավանում՝ երկու քաղաքացի, ևս մի քանի քաղաքացի վիրավորվել են:

Դրան ի պատասխան՝ ՀՀ ՊՆ-ն տարածել է հաղորդագրություն, որում ասվում է, որ ադրբեջանական զինված ուժերին զսպելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Նույն օրը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահաներին տեղեկացրել է Տավուշում ադրբեջանական գնդակից սպանված 3 քաղաքացիների մասին:

Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժը կրակել է ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա, ինչի պատճառով զոհվել է ՊԲ 4 զինծառայող: Բակո Սահակյանի հրամանագրով զոհված զինծառայողները պարգևատրվել են «Մարտական ծառայության» մեդալով:

Միջադեպի պատճառով ևս 16 զինծառայող վիրավորվել է: Նրանցից 4-ի վիճակը ծանր է, նրանց տեղափոխել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինհոսպիտալ, որտեղ էլ նրանց այցելել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հրադադարի խախտումների ժամանակ Ադրբեջանի զինուժն օգտագործել է ինչպես ականանետեր ու նռնականետեր, այնպես էլ TR-107 ՀԿՌՀ: ՊԲ նույն օրվա հաղորդագրությունը տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակից բխող ցանկացած հետևանքի պատասխանատվություն կրելու է ադրբեջանական կողմը:

Սեպտեմբերի 26-ին Ադրբեջանի զինուժը Արցախում հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել է ինչպես ականանետերով ու նռնականետերով, այնպես էլ թուրքական արտադրության TR-107 (12 արկ) ՀԿՌՀ-ով, ինչպես նաև կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ` 122 մմ Դ-30 (30 արկ) հաուբից հրանոթ:

Առաջնագծի իրավիճակի հետ կապված՝ հայաստանաբնակ եզդիների մի մասը ՀՀ ՊՆ-ին կոչ է արել անհրաժեշտության դեպքում ստեղծել կամավորական խմբեր և զորակոչել իրենց որպես Հայկական բանակի զինվորների:

ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում ադրբեջանական կողմից հրետանու կիրառումը շփման գծում նոր իրադրություն է ստեղծում, ինչը լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է:

«Ուստի հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու և դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով,— նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ,— ՀՀ զինված ուժերn այսուհետ օգտագործելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ` մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժը»:

Անցած երկու օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման դեպքերին անդրադարձել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահ Սարգսյանը նշել է. «Մենք կստիպենք Ադրբեջանի կառավարությանը հաշվետու լինել իր ժողովրդին»:

«Եթե այլընտրանք չլինի, ուրեմն հենց մենք ենք լինելու մարդկության պատժիչ սուրը այս հանցագործությունները կատարողների նկատմամբ։ Մենք ենք լինելու, քանի դեռ քաղաքակիրթ աշխարհը ավելի գործուն մեխանիզմ չի կարողանում գտնել,— հայտարարել է ՀՀ նախագահը,— Երբ մենք ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են: Գիտեք, որ դեռ մեր պապերն են ասել՝ կռվի մեջ փլավ չեն բաժանում: Եվ պարտադրված հրադադարի ավելի քան 20 տարվա ընթացքում, որը, Բաքվի իշխանավորների կամոք, այդպես էլ հնարավոր չեղավ վերածել խաղաղության, մենք ամեն ինչ արել ենք ՝ խուսափելու համար նոր առճակատումից: Այժմ էլ անելու ենք ու դրա մեջ պատժիչ գործողություններն էլ են մտնում, որպեսզի հակառակորդը չմտածի, թե մարսեց իր լկտի պահվածքը»:

• Վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ Ռազմինֆոն եզրակացրել է, որ ՀՀ ՊՆ սեպտեմբերի 26-ի հայտարարությունն ըստ էության նշանակում է, որ Հայաստանն իրեն հրադադարի պահպանման վերաբերյալ որևէ պարտավորությամբ այլևս կապված չի համարում։ Այս ամենը, և հատկապես խաղաղ բնակչության դեմ հարձակումները Հայաստանի համար փաստացի casus belli են (լատ. «պատերազմի առիթ»՝ միջազգային իրավունքում ընդունված եզր է), այնպես որ, ՀՀ ՊՆ հայտարարությունը, ինչպես նաև հայկական բանակի համապատասխան գործողությունները ոչ միայն համարժեք են, այլև անհրաժեշտ, պահանջված և օրինական։

[Հայկական կողմի պատժիչ գործողությունների և ադրբեջանցիների կորուստների մասին կարող եք կարդալ Ադրբեջանի ռազմաշաբաթում և այստեղ:]

Սեպտեմբերի 21-ին Սիսիան-Վայք ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող Սուրեն Դավթյանը:
Սեպտեմբերի 18-ին պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է Տավուշի մարզի զինվորական կոմիսար Դերենիկ Պապյանը:
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը Հայաստանում անցկացվելու է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունը, որի մասին մանրամասներ են ներկայացրել ՀՀ ՊՆ և ՀԱՊԿ պաշտոնական կայքերը: Զորավարժության թեման է «Խաղաղապահ գործողության նախապատրաստումը և անցկացումը ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կողմից հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում»:
Սեպտեմբերի 24-ին «Ալագյազ» զորավարժարանում գումարտակի կազմով անցկացվել են հայ-ռուսական միացյալ զորախմբի «Արագած 2015» համատեղ մարտավարական զորավարժություններ, որոնց ընթացքում միացյալ զորախմբի ստորաբաժանումները ոչնչացրել են պետական սահմանը հատած պայմանական հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերը:
Սեպտեմբերի 25-ին՝ ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկվել են զինված ուժերում հրամանատարական պատրաստության վիճակին, առկա խնդիրներին ու բարելավման ուղիներին վերաբերող հարցեր:
Նախարար Օհանյանին և ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովին ներկայացնում են Հայաստանում արդիականացված զինատեսակները

Նախարար Օհանյանին և ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովին ներկայացնում են Հայաստանում արդիականացված զինատեսակները

ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը և ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը եղել են ՀՀ ՊՆ զորամասերից մեկում, որտեղ նրանց ներկայացրել են Հայաստանում արդիականացված մի շարք հրազենային զինատեսակներ: Այնուհետ նախարար Օհանյանը ՀՕՊ զորամասի զինծառայողներին հանձնել է նրանց համար նախատեսված բնակարանների բանալիները:

Մասնավորապես նաև ՊԲ զինծառայողների համար ևս մեկ բնակելի շենքի կառուցումն էլ նախատեսվում է ավարտել մինչև 2015թ. ավարտը: Շենքի 93 բնակարանների մի մասը տրամադրվելու է Արցախի Մարտունիում բնակվող զինծառայողներին:

ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Արտավազդի Մակարյանը պարգևատրվել է Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով

ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Արտավազդի Մակարյանը պարգևատրվել է Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 5-ին և 16-ին ստորագրած հրամաններով պարգևատրվել են ՀՀ ԶՈւ մի խումբ զինծառայողներ, որոնց թվում նաև ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը։

Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի ղեկավարությունն այցելել է նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Սեպտեմբերի 22-ին Ռուսաստանում անցկացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում է եղել նաև Հայաստանում ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծումը:
«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաների ցուցադրական պարապմունքը

«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաների ցուցադրական պարապմունքը

Սեպտեմբերի 18-ին «Փոքր Մհեր» կրթահամալիրի և Դիլիջանի թիվ 5 դպրոցի սաները Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ռազմահայրենասիրական միջոցառում են կազմակերպել՝ նվիրված 2014-ի սեպտեմբերին Արցախի դիրքերում զոհված զինծառայող, ավագ լեյտենանտ Մհեր Հակոբյանին:

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Վրաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *