Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի հրետակոծման հետևանքով վիրավորված զինծառայողներին տեսակցելու համար սեպտեմբերի 26-ին ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Նախարար Օհանյանը զրուցել է տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած ՊԲ զինծառայողների հետ, քաջալերել է նրանց և մաղթել շուտափույթ ապաքինում:
Սեյրան Օհանյանը հանդիպել է նաև վիրավոր զինծառայողների ծնողներին, հայրենասեր զավակներ դաստիարակելու համար շնորհակալություն և զորակցություն հայտնել նրանց, և հավաստիացրել, որ վիրավորների ապաքինման ընթացքը հոսպիտալի բուժանձնակազմի ուշադրության կենտրոնում է:
Ավելի վաղ հայկական News.am կայքը հայտնել էր, որ ՊԲ վիրավոր զինծառայողներից չորսը՝ Սաֆար Արսենի Սաֆարյանը, Արկադի Արմենի Մուրադյանը, Խաչատուր Հայրիկի Պապիկյանը, Արման Արմենակի Ստեփանյանը, տեղափոխվել են Երևան՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինհոսպիտալ: Տեղափոխված զինծառայողսների վիճակը ծանր է:
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն ու ցավակցությունն է հայտնում ադրբեջանական զինուժի հրետակոծման հետևանքով զոհված ՊԲ զինծառայողների` կրտսեր սերժանտ Նորայր Միքայելի Խաչատրյանի, կրտսեր սերժանտ Ռոբերտ Սուրենի Մկրտչյանի, շարքային Հարութ Մաքսիմի Հակոբյանի և շարքային Կարեն Գևորգի Շահինյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 25-ին, հակառակորդը հարվածել էր ՊԲ թիկունքում տեղակայված ստորաբաժանումներին, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 16 վիրավոր:
ՀՀ ՊՆ-ն սեպտեմբերի 26-ին հաղորդագրություն է տարածել` զգուշացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբին և Ադրբեջանին, որ այսուհետ ՀՀ ԶՈւ-ն օգտագործելու է հրթիռա-հրետանային խոցման համարժեք միջոցներ` մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժը:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 20-26 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info