Սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել` անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության որդեգրած մարտավարությանը: Հաղորդագրությունում մասնավորապես նշվում է.
Դատելով վերջին շրջանում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկվող ականանետային և հրթիռահրետանային հարվածների ու խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից իրականացվող գնդակոծումների անհամեմատ ինտենսիվ ընթացքից` կարելի է փաստել, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որդեգրել է հակամարտության լուծումը խաղաղ բանակցությունների սեղանից ուժային դաշտ տեղափոխելու հանցավոր մարտավարություն:
Խաղաղ բնակավայրերի վրա իրականացվող արկակոծումներն ու հայկական դիրքապահների ուղղությամբ կատարվող նախահարձակ գործողությունները, որոնք գնալով կրում են առավել ցինիկ ու նպատակաուղղված բնույթ, ցույց են տալիս, որ հակառակորդը հակված է միտումնավոր ու սադրիչ քայլերով իրավիճակին հաղորդել անկանխատեսելի հետևանքներով հղի զարգացումներ:
Ելնելով ստեղծված դրությունից` Արցախի պաշտպանության նախարարությունը մեկ անգամ ևս համաշխարհային հանրության ու հատկապես հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում պաշտոնական Բաքվի կողմից որդեգրած և շարունակ կյանքի կոչվող ապակառուցողական ու սադրիչ քաղաքականության վրա և տեղեկացնում, որ ստեղծված իրավիճակից բխող ցանկացած հետևանքի պատասխանատվություն կրելու է ոչ այլ ոք, քան ադրբեջանական կողմը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը թուրքական արտադրության TR-107 կայաններով կրակել է ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա: Զոհվել են ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կան վիրավորներ:
One response to “ՊԲ. Ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը կրելու է ադրբեջանական կողմը”