Նալբանդյան. «Ադրբեջանը մարդկային զոհերի գնով սրում է իրավիճակը»

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Նյու Յորքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահաներին, ինչպես նաև նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նալբանդյանի և ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների հանդիպումը սեպտեմբերի 24-ին. աղբյուրը՝ ՀՀ ԱԳՆ կայք

Նալբանդյանի և ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների հանդիպումը սեպտեմբերի 24-ին. աղբյուրը՝ ՀՀ ԱԳՆ կայք

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հանդիպման ժամանակ արտգործնախարար Նալբանդյանն իր վրդովմունքն է հայտնել Ադրբեջանի կողմից զինադադարի կոպիտ խախտումների կապակցությամբ՝ մասնավորապես նշելով, որ Ադրբեջանը վատ ավանդույթ է դարձրել տարածաշրջան կարևոր այցելություններից ու  բարձր մակարդակի հանդիպումներից առաջ հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Արցախի հետ սահմանային հատվածում նույնիսկ մարդկային զոհերի գնով իրավիճակի սրումը, ինչը կասկածի տակ է դնում հանդիպումների նպատակահարմարությունն ու խոչընդոտում բանակցային գործընթացին։

Նալբանդյանը եռանախագահներին տեղեկացրել է երեկ՝ սեպտեմբերի 24-ին, Տավուշում ադրբեջանական գնդակից սպանված 3 քաղաքացիների մասին ու հավելել. «Այս հերթական սադրանքը դարձավ Ադրբեջանի արձագանքը Մինսկի խմբի համանախագահների հնչեցրած` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Նյու Յորքում արդյունավետ բանակցություններ ունենալու ակնկալիքին»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24–25-ը Միացյալ Նահանգներում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում նախատեսված է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

One response to “Նալբանդյան. «Ադրբեջանը մարդկային զոհերի գնով սրում է իրավիճակը»

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 20-26 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *