Սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում անցկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի (ԱԻՀԽ) հերթական 8-րդ նիստը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻ նախարարության կայքը:
Նիստին մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Օրակարգում ընդգրկված է եղել 11 հարց, որոնցից 3-րդ կետը վերաբերել է Հայաստանում ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծմանը:
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը կնպաստի տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, արտակարգ իրավիճակների կանխարգելման ու դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների և մեխանիզմների հզորացմանը, ինչպես նաև կբարձրացնի բնակչության պաշտպանվածության և տարածաշրջանում եղած արտակարգ դեպքերին օպերատիվ արձագանքման մակարդակը:
Կենտրոնը կնպաստի նաև մարդասիրական արձագանքման խնդիրների լուծմանը Հայաստանի, Ռուսաստանի, ինչպես նաև երրորդ երկրների տարածքում։ Համատեղ կենտրոնը դառնալու է որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների նոր տեխնոլոգիաների ու սարքավորումների փորձարկման և ներդրման կենտրոն: Այն նաև կատարելու է ուսումնական կենտրոնի դեր` տարածաշրջանի և ՀԱՊԿ անդամ պետությունների փրկարարների պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման համար:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը Կոտայքի մարզում տեղակայված կենտրոնի 17,5 հեկտար մակերեսով տարածքում կառուցել է վարչական շենք, հիմնովին վերանորոգել առկա շենք-շինություններն ու պահեստները և բարեկարգել տարածքը, իսկ ռուսաստանյան կողմը հոգալու է տեխնիկական հագեցման և պահուստների ապահովման խնդիրները:
Համաձայն նիստի օրակարգի 11-րդ և 12-րդ կետերի՝ քննարկվել և հաստատվել են նաև ՀԱՊԿ ԱԻՀԽ նախագահությունը Հայաստանին փոխանցելու, ՀԱՊԿ ԱԻՀԽ նախագահ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին նշանակելու ու ՀԱՊԿ ԱԻՀԽ հերթական՝ 9-րդ նիստը 2016թ. սեպտեմբերի 2-6-ը Երևանում անցկացնելու հարցերը:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև ՀԱՊԿ ԱԻՀԽ գործունեության, 2015թ. ուսումնավարժությունների, վթարափրկարարական մարմինների և հատուկ ծառայությունների կադրերի պատրաստման, ՀԱՊԿ արտակարգ իրավիճակներին հավաքական արձագանքման համակարգի զարգացման հետ կապված հարցեր:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 20-26 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info