ԵԱՀԿ դիտորդներին Տավուշում ներկայացրել են հակառակորդի գնդակոծություների հետքերը

Սեպտեմբերի 22-ին ՀՀ Տավուշի մարզի Այգեպար բնակավայրի ուղղությամբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակն անցկացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանագծի հերթական դիտարկումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը և Պիտեր Սվետբերգը:

Մինչ դիտարկման անցկացումը ԵԱՀԿ պաշտոնյաներին Այգեպարի գյուղապետարանում ներկայացվել է Տավուշի սահմանագոտում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը:

Բրիֆինգին մասնակցել են նաև Տավուշի մարզի Մովսես ու Վերին Կարմիրաղբյուր համայնքների ղեկավարները, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնել ադրբեջանական կողմից խաղաղ բնակավայրերի գնդակոծումների առումով:

Դիտարկման ընթացքում կողմերը ռադիոկապ են հաստատել միմյանց հետ և տվել անվտանգության երաշխիքներ: Դիտարկումն անցել է առանց միջադեպերի:

ԵԱՀԿ պաշտոնյաները ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ եղել են նաև հակառակորդի կրակահերթերից տուժած սահմանամերձ բնակավայրերից մեկում, տեղում արձանագրել են գնդակոծության հետքերը, ծանոթացել են խաղաղ բնակիչների մտահոգություններին:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները համապատասխան նշումներ են կատարել, որոնք ներառվելու են ամփոփիչ զեկույցներում:

ԵԱՀԿ դիտորդների նախորդ դիտարկումն անցկացվել է սեպտեմբերի 4-ին Արցախի Մարտունու Կուրոպատկինո բնակավայրի ուղղությամբ, իսկ Ռազմինֆոյի հավաքած ինտերակտիվ ժամանակագրության մեջ ներկայացված են Հայաստան-Ադրբեջան սահմանում ԵԱՀԿ դիտորդների բոլոր դիտարկումները՝ սկսած 2014-ի դեկտեմբերից:

2 responses to “ԵԱՀԿ դիտորդներին Տավուշում ներկայացրել են հակառակորդի գնդակոծություների հետքերը

  1. Pingback: Հակառակորդի կրակոցներից Պառավաքարում սպանվել է քաղաքացիական | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 20-26 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *