Վրաստանն ԱԱԽ նիստում չի ապահովել քվորում՝ երկրի ԶՈւ թվաքանակը հաստատելու համար

Սեպտեմբերի 23-ին Վրաստանի նախագահի նստավայրում անցկացվել է ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Խորհրդի 11 անդամներից ներկա չեն եղել 4-ը, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, արտգործնախարար Գոերգի Կվիրիկաշվիլին։ Այս մասին հայտնում է Վրաստանի նախագահի պաշտոնական կայքը։

Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստը

Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստը
23.09.2015թ

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ղարիբաշվիլին, ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով չի կարող ներկա լինել նիստին, իսկ իր տեսակետը խորհրդում ներկայացնելու է պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին։

Նշենք, որ ԱԱԽ նիստում քննարկվել է 3 հարց՝ 2016 թվականին Վրաստանի զինված ուժերի թվաքանակը, պաշտպանության ամրապնդման հարցեր, ինչպես նաև «2015-2018թթ Վրաստանի նկատմամբ սպառնալիքների փաստաթղթի» նախագիծը։ Խորհրդում հիմնական զեկուցողներն են եղել պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին և ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն։

Անվտանգության խորհրդին մասնակցելու համար հրավիրված էին խորհրդի մշտական ներկայացուցիչները՝ վարչապետը, խորհրդարանի նախագահը, արտգործնախարարը, պաշտպանության նախարարը, ԶՈւ ԳՇ պետը, ՆԳ նախարարը, խորհրդարանում անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչը, խորհրդարանում արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչը,  նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականը և համատեղելիության կարգով ԱԱԽ քարտուղարը։

Ինչպես հաղորդում է վրաստանյան Իմեդի հեռուստաընկերությունը, ԱԱԽ քարտուղար Իրինա Իմերլիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանը, համաձայն օրենքի, հաստատում է երկրի ԶՈւ թվաքանակն ԱԱԽ-ի ներկայացմամբ։ Սակայն ԱԱԽ-ում որոշումը պիտի ընդունեն խորհրդի անդամների 2/3-ը, բայց քանի որ 4 հոգի բացակայել է, չի ապահովվել քվորում թվաքանակի վերաբերյալ որոշում կայացնելու համար։

Նշվում է, որ առաջիկայում դարձյալ ազգային անվտանգության խորհրդի նիստ կհրավիրվի, որտեղ կքննարկվի վերոնշյալ հարցը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Վրաստանի ԱԱԽ-ն որոշել էր, որ 2015 թվականին Վրաստանի ԶՈւ թվաքանակը չի անցնելու 37 հազարը։

One response to “Վրաստանն ԱԱԽ նիստում չի ապահովել քվորում՝ երկրի ԶՈւ թվաքանակը հաստատելու համար

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 20-26 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *