Հայաստանում ՀԱՊԿ զորավարժության թեման Կովկասում խաղաղության պահպանումն է

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն 2015» զորավարժության թեման է «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի միջոցով խաղաղության պահպանման գործողության նախապատրաստումն ու իրականացումը»: Այս մասին տեղեկացնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը:

ՀՀ ԶՈւ անձնակազմը ԲՏՌ-80 զրահափոխադրիչով. ՀԱՊԿ զորավարժություն, 2013թ.

ՀՀ ԶՈւ անձնակազմը ԲՏՌ-80 զրահափոխադրիչով. ՀԱՊԿ զորավարժություն, 2013թ.

Զորավարժության անցկացման վերաբերյալ որոշումը 2014թ. դեկտեմբերին ընդունել են ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհուրդն ու պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեն: Զորավարժությանը մասնակցելու են ՀԱՊԿ անդամ բոլոր վեց պետությունների զինված ուժերի ներկայացուցիչներ: Ներգրավված են լինելու նաև դիտորդներ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից և Միացյալ ազգերի կազմակերպությունից:

Զորավարժության հիմնական նպատակը ՀԱՊԿ անդամ պետությունների ԶՈւ՝ զորավարժությանը մասնակից ստորաբաժանումների միջև ներդաշնակ գործողությունների կատարելագործումն է: Զորավարժության առաջին փուլի ժամանակ լինելու է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհդրի՝ անդամ պետությունների նախագահների խորհրդի որոշումը, որով հավաքական ուժերին թույլատրվելու է իրականացնել գործողությունը:

Այնուհետ անցկացվելու է զորավարժության գործնական փուլը, որի ժամանակ գործողությունների ղեկավարումն իր վրա է վերցնելու կազմավորված խաղաղապահ ուժերի միացյալ շտաբը: Զորավարժության գործնական փուլի ընթացքում նախատեսվում է իրականացնել բանակցությունների վարման, մարդասիրական բեռների տեղափոխման ուղեկցման, պարեկության, զինյալների մարզման ճամբարների ոչնչացման գործողություններ:

Նշենք, որ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն» զորավարժություններն ամենամյա են: 2014-ին զորավարժությունն անցկացվել է Ղրղզստանում, 2013-ին՝ Ռուսաստանում, 2012-ին՝ Ղազախստանում:

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի մասին խոսելով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան օրեր առաջ նշել է, որ դրանք կազմավորված են, պարբերաբար անցկացնում են մարտական պատրաստության պարապմունքներ և անհրաժեշտության դեպքում ՄԱԿ անվտանգության խորհրդի հայտով կարող են ներգրավվել մասնավորապես Աֆրիկայում և Ասիայում ՄԱԿ հովանու ներքո անցկացվող խաղաղապահ առաքելություններին:

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կազմված են ՀԱՊԿ անդամ 6 պետոթյունների զինված ուժերի ստորաբաժանումներից, ունեն ընդհանուր մոտ 3500 զինծառայող: Բացի հավաքական խաղաղապահ ուժերից, ՀԱՊԿ կազմում գործում են նաև օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը, որոնք ՀԱՊԿ տարածքից դուրս կիրառվելու մանդատ չունեն:

Ավելացնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություն է, որի կազմում են՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը ու Տաջիկստանը: Կազմակերպության նպատակն անդամ երկրների անվտանգությունը հավաքական միջոցներով ապահովելն է:

Մասնակից երկրներից յուրաքանչյուրի վրա հարձակումը համարվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների վրա: Դրանից ելնելով՝ ՀԱՊԿ անդամներից մեկի վրա հարձակման դեպքում մյուս անդամները պարտավոր են անհրաժեշտ՝ այդ թվում և ռազմական օգնություն տրամադրել հարձակման ենթարկվող երկրին, եթե ագրեսիայի ենթարկված պետությունը նման խնդրանքով դիմում է ՀԱՊԿ-ին:

Սեպտեմբերի 15-ին Տաջիկստանում անցկացված ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ժամանակ կազմակերպության նախագահությունը մեկ տարով անցել է Հայաստանին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *