Ֆրանսիան «Միստրալները» վաճառում է Եգիպտոսին

Ֆրանիսայի և Եգիպոստի նախագահները սկզբունքային պայմանավորվածություն են ձեռք բերել, որով Եգիպտոսը Ֆրանսիայից գնելու է [Ռուսաստանի համար նախատեսված] երկու միավոր «Միստրալ» դասի ուղղաթիռակիր նավերը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, տեղեկացնում է Ֆրանսիայի նախագահի կայքը:

Ռուսաստանի համար կառուցված ֆրանսիական «Վլադիվոստոկ» և «Սևաստոպոլ» ուղղաթիռակիր նավերը

Ռուսաստանի համար կառուցված ֆրանսիական «Վլադիվոստոկ» և «Սևաստոպոլ» ուղղաթիռակիր նավերը

Միաժամանակ չի նշվում, թե որքան գումար է եգիպտական կողմը նախատեսում վճարել ռազմանավերի համար:

Մինչ այս Ռուսաստանն ու Ֆրանսիան արդեն պայմանավորվել էին, որ ֆրանսիական կողմը ռուսաստանյան զինված ուժերին չի տրամադրելու ռազմանավերը, և դրանք փոխհատուցելու է վերադարձնելով արդեն վճարված գումարը՝ մոտ 1 մլրդ ամերիկյան դոլար:

Ավելի ուշ՝ մինչև այս տարվա վերջ, ռուսաստանցի մասնագետները ռազմանավերի վրայից հանելու են դրանց վրա տեղադրված ռուսաստանյան արտադրության սարքավորումները, ինչը նույնպես նախատեսվում է ռուս-ֆրանսիական պայմանավորվածությամբ:

Եգիպտոսի հետ Ֆրանսիայի պայմանավորվածության ֆոնին ռուսաստանյան լրատվամիջոցները, անանուն աղբյուրների վրա հղումով, ևս մեկ լուր են տարածել, ըստ որի՝ Եգիպտոսը Ռուսաստանից էլ գնելու է 50 միավոր Կա-52 ուղղաթիռներ, որոնք կարող են տրամադրվել «տախտակամածային» (ռազմանավերի վրա տեղակայվելու համար) տարբերակով, ենթադրաբար հենց «Միստրալների» համար. դրանցից յուրաքանչյուրի վրա կարող է տեղակայվել մինչև 16 ուղղաթիռ:

Ավելացնենք, որ դեռևս 2011-ին կնքված գործարքով Ֆրանսիան պարտավորվել էր երկու միավոր «Միստրալ» դասի ուղղաթիռակիր նավեր կառուցել և փոխանցել Ռուսաստանին: Ռուսաստանը վճարել էր գործարքով նախատեսված գումարի մի մասը: Սակայն հետագայում Ուկրաինական ճգնաժամի պատճառով ֆրանսիական կողմը որոշեց կասեցնել ռազմանավերի տրամադրումը մինչև ճգնաժամի լուծումը: Ներկայում ռազմանավերից երկուսն էլ արդեն պատրաստ են:

Ավելացնենք, որ «Միստրալ» տիպի ուղղաթիռակիր նավերը նախատեսված են միանգամից մի շարք խնդիրներ կատարելու համար։ Դրանք կարող են միաժամանակ տախտակամածի վրա ընդունել ուղղաթիռներ, դեսանտ իջեցնել, կիրառվել որպես զորքերի կառավարման կենտրոն, ինչպես նաև օգտագործվել որպես շարժական հոսպիտալ։ Նավի առավելագույն արագությունը 33 կմ/ժ է, նավարկության առավելագույն հեռավորությունը շուրջ 37 հազար կիլոմետր (համեմատելու համար՝ Երկրի հասարակածի երկարությունը մոտ 40 հազար կիլոմետր է)։ Նավի անձնակազմը 170 մարդ է։ Այն կարող է տեղափոխել մինչև 16 ուղղաթիռ ու 40 տանկ։ Միստրալ տիպի ուղղաթիռակիր նավի գինը մոտավոր 620 մլն ամերիկյան դոլար է։

One response to “Ֆրանսիան «Միստրալները» վաճառում է Եգիպտոսին

  1. Pingback: Եգիպտոսը Ֆրանսիայից պաշտոնապես ստացել է «Միստրալ» դասի ուղղաթիռակիր առաջին նավը (վիդեո) | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *