Վրաստանցի 5 զինծառայող մեկնելու է Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն ծառայելու

Սեպտեմբերի 21-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հանդիպել է Վրաստանի զինված ուժերի 5 զինծառայողի հետ, ովքեր պատրաստվում են մեկնել Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն՝ Եվրամիության հովանու ներքո խաղաղապահ առաքելություն իրականացնելու։  Հանդիպմանը ներկա է եղել նաև ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, նրա տեղակալ գնդապետ Ռոման Ջոխաձեն։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն մեկնող զինծառայողները

Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն մեկնող զինծառայողները

«Վրաստանյան խմբի հիմնական առաջադրանքը արագ արփագանքման գործողություն իրականացնելն է, ինչպես նաև Եվրոպայից հատուկ մարդկանց խմբով ուղեկցելն ու պաշտպանելը։ Մեր զինծառայողները պատրաստված են ու փորձ ունեն»,—հայտնել Կապանաձեն։

Ինչպես հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, վրաստանցի զինծառայողների տեղափոխման բոլոր ծախսերը հոգում են Ֆրանսիան և ԵՄ-ն։ Զինծառայողները Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն են մեկնելու սեպտեմբերի վերջին և առաքելություն են իրականացնելու 6 ամսվա ընթացքում։

Տեղեկացնենք, որ ԵՄ-ն կարողանում է այդ երկրում խաղաղապահ առաքելություն իրականացնել ՄԱԿ-ի թույլտվությամբ։ Առաքելությունը մեկնարկել է 2014թ. փետրվարից։

Դեռևս 2013 թվականի նոյեմբերի 29-ին Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթաժողովում ստորագրվել է համաձայնագիր Եվրամիության և Վրաստանի միջև, ըստ որի՝ վրացական կողմը կարող է մասնակցել ԵՄ կողմից ճգնաժամային իրավիճակներում գործողությունների իրականացմանը։ Այդ պահից էլ Վրաստանը ԵՄ-ից ստացել է խաղաղապահ առաքելություն իրականացնելու հրավեր, այդ թվում նաև՝ աֆրիկյան երկրների համար։

Վրաստանն առաջարկը քննել է 2014թ. փետրվարի 20-ին կայացած կառավարության նիստում։ Հենց այս ժամանակ էլ կառավարությունը համաձայնել է վրացական կողմի ներգրավմանը։

Հավելենք, որ 2014թ. հոկտեմբերին այն ժամանակվա պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել էր, որ վրաստանյան 150 հոգանոց զորախումբը դեկտեմբերին դուրս է գալու աֆրիկյան այդ երկրից՝ էբոլա վիրուսով չվարակվելու համար։ Սակայն, ինչպես երևում է, Վրաստանը շարունակել է մասնակցել առաքելությանը։

ԿԱՀ-ում իրավիճակը լարվել է 2013թ. դեկտեմբերից, երբ Բանգի մայրաքաղաքում բախումներ են եղել իսլամիստ զինյալների և քրիստոնյա ապստամբների միջև։ ՄԱԿ-ի տվյալներով՝ հակամարտության ընթացքում մոտ մեկ միլիոն մարդ փախստական է դարձել, հազարավորներն էլ զոհվել են։ Նախագահ Միշել Ջոտոդիան 2014-ի հունվարի 10-ին հրաժարական է տվել՝ հայտարարելով, որ ի զորու չէ հանգուցալուծել երկրում ստեղծված իրավիճակը։

Այժմ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն են իրականացնում Աֆրիկյան միությունը, Ֆրանսիան ու Եվրամիությունը։

One response to “Վրաստանցի 5 զինծառայող մեկնելու է Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն ծառայելու

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 20-26 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *