Աֆղանստանում ծառայող վրաստանցի զինծառայողը զոհվել է թալիբների հարձակման ժամանակ

Սեպտեմբերի 22-ին Աֆղանստանի Բահրամ ավիաբազայում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում պարեկություն անելու ժամանակ «Թալիբան» զինյալների հարձակման հետևանքով զոհվել է Վրաստանի ԶՈւ 4-րդ մեխանիզացված բրիգադի 43-րդ գումարտակի շարքային, 21-ամյա Վասիլ Կղուլջանիշվիլին։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության մամուլի ծառայությունը։

Աֆղանստանում զոհված Վասիլ Կղուլջանիշվիլին

Աֆղանստանում զոհված Վասիլ Կղուլջանիշվիլին

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, պարեկության ժամանակ վիրավորվել է նաև նույն գումարտակի սերժանտ Պաատա Ռոստոբայան։ 43-րդ գումարտակի գլխավոր բժշկի տվյալներով վիարվորի վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։ Նա բուժվում է Բահրամ ավիաբազայում ԱՄՆ-ի զինվորական հոսպիտալում։

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Վրաստանի կառավարության նիստը սկսվել է մեկ րոպե լռությամբ, որից հետո վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանձնարարել է պաշտպանության նախարարին զբաղվել զոհված զինծառայողի դին տեղափոխելու հարցերով։

«Զոհվել է 21-ամյա մեր զինծառայողը։ Եվս մեկ զինծառայող վիրավոր է, նրա վիճակը կայուն է և մենք պատրաստվում ենք նրան տեղափոխել Գերմանիա բուժվելու»,—հայտարարել է Ղարիբաշվիլին։

Ինչպես հաղորդում է  Guardian լրատվակայքը՝ հղում անելով Associated press միջազգային լրատվական գործակալությանը, Աֆղանստանում սա ՆԱՏՕ-ի 7-րդ կորուստն է 2015-ին։
Հավելենք, որ զոհվածն Աֆղանստանում առաքելություն իրականացրած թվով արդեն 31-րդ վրաստանցի զինծառայողն է։ Ընդհանուր առմամբ միջազգային առաքելությունների ժամանակ մահացել է 36 վրաստանցի՝ 31-ը Աֆղանստանում, 5-ը՝ Իրաքում։

Հավելենք, որ 43-րդ գումարտակի զինծառայողներն Աֆղանստանում «Վճռական աջակցություն» (Resolute Support) առաքելությանը ներգրավվել են 2015 թվականի ապրիլից՝ փոխարինելով ԶՈւ 5-րդ հետևակային բրիգադի 51-րդ գումարտակին։ Վերջիններս առաջիկա 6 ամիսների ընթացքում ապահովելու են Բահրամ ավիաբազայի անվտանգությունը՝ ամերիկյան «Սոլիդ» մարտավարական խմբավորման ղեկավարությամբ։

Հատկանշական է, որ Վրաստանի կրած կորուստներն Աֆղանստանում վրաստանցիների մոտ պարբերաբար դժգոհության ալիք է բարձրացնում։ Վերջին աղմկահարույց դեպքը գրանցվել էր 2013-ի հունիսի 6-ին։ Հիլմենդ նահանգում մահապարտ ահաբեկիչը վրացական ռազմաբազայում բեռնատար մեքենա էր պայթեցրել. զոհվել էր Վրաստանի ԶՈւ 7 զինծառայող, վիրավորվել՝ 9-ը։

Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունն այս միջադեպից հետո առաջարկել էր հանրաքվե անցկացնել ու դուրս բերել վրաստանյան ուժերն Աֆղանստանից։ Սակայն արդյունքում կառավարությունը որոշել էր շարունակել առաքելությունը, ինչի համար ԱՄՆ-ն հատուկ շնորհակալություն է հայտնել Վրաստանին։

2 responses to “Աֆղանստանում ծառայող վրաստանցի զինծառայողը զոհվել է թալիբների հարձակման ժամանակ

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 20-26 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Աֆղանստանում վիրավորված վրաստանցի սերժանտը բուժվում է Գերմանիայի ամերիկյան զինհոսպիտալում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *