Սեպտեմբերի 21-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինա։ Վերջինս հայտարարել է, որ Դաշինքը պատրաստ է ուկրաինական կողմի հետ քննարկել երկրի ռազմածովային ուժերին աջակցելու հարցը։ Այս մասին հաղորդում է ուկրաինական «Ունիան» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ Ստոլտենբերգն այս մասին ասել է իրենց հետ հարցազրույցում։
«Մենք միշտ պիտի մտածենք, թե ինչպես ենք ընդլայնելու մեր համագործակցությունը։ Ինձ հայտնի է, որ ռազմածովային ուժերի հարցն այն թեմաներից է, որի մասին ուկրաինական կողմը ցանկանում է քննարկել մեզ հետ։ Մենք պիտի հավաքվենք, քննարկենք և հասկանանք, արդյոք կարող ենք սկսել համագործակցել,այդ թվում՝ ռազմածովային ոլորտում»,—լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Ստոլտենբերգը։
Հավելենք նաև, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն արդեն հանդիպել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։ Նրանք միասին ներկա են եղել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում «Ուկրաինա-2015» համատեղ զորավարժության մեկնարկին։ Այս լայնամասշտաբ զորավարժության սցենարով ներգրավված անձնակազմերն արտակարգ իրավիճակների ժամանակ պիտի վերացնեն հետևանքները։
Զորավարժությունը մեկնարկել է Լվովի շրջանի «Յավորովսկի» զորավարժարանում։ Մասնակցում են 1100 փրկարար 34 երկրից՝ այդ թվում Հայաստանից, Վրաստանից, Ռումինիայից, Լեհաստանից, Ավստրիայից, ԱՄՆ-ից։
Զորավարժության մեկնարկից հետո համատեղ ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան դեռևս պատրաստ չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ։
«Արդյո՞ք պատրաստ է Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն հիմա։ Պատասխանը շատ հասարակ է՝ ոչ։ Մենք պետք է դրան պատրաստվենք։ Պատրաստ է արդյո՞ք ՆԱՏՕ-ն, որպեսզի Ուկրաինան իր անդամը դառնա։ Պատասխանն էլի ոչ է»,—հայտարարել է Պորոշենկոն։
Ինչպես հաղորդում է ուկրաինական գործակալությունը, Ուկրաինան սրան զուգահեռ դեռ պետք է ամեն ինչ անի, որպեսզի դառնա Եվրամիության անդամ ։
«Բայց ՆԱՏՕ-ի դռները Ուկրաինայի առջև բացվել են 2008 թվականից (ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթաժողովը—Ռազմինֆո)»,—մասնավորեցրել է այդ երկրի նախագահը։
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Ստոլտենբերգը կմասնակցի նաև Ուկարինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստին, որտեղ քննարկվելու են երկրում ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցերը։ Այս մասին ավելի վաղ նշել էր նաւ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը։ «Ուկրաինայում ՆԱՏՕ-ի երկու գրասենյակ կա՝ մեկը քաղաքացիական, մյուսը՝ ռազմական։ Նախատեսում ենք միացնել այդ երկուսը և ընդլայնել այդ գրասենյակի գործառույթները։