Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 22

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ սեպտեմբերի 22-ին՝ 22:24-ի դրությամբ, վիրավորվել է 28 ուժային և PKK-ի 2 անդամ, 2 քաղաքացիական անձ, ձերբակալվել է 8 մարդ: Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը։


Իհլաս․ Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգի Քարշյաքա գավառում գյուլենականների դեմ ոստիկանների ձեռնարկած գործողությունների արդյունքում ձերբակալվել է 3 մարդ։ Նրանց տներում կատարած խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է մեծ թվով փաստաթղթեր և այլ նյութեր։

Իհլաս. Թուրքիայում ժամանակավոր կառավարության «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (HDP) նախարարներ Ալի Հայդար Քոնջան և Մուսլիմ Դողանը խոսել են իրենց հրաժարական տալու պատճառների մասին՝ հիմնականում մեղադրելով գործող նախագահ Էրդողանին և կառավարությանը երկիրը պատերազմի և բախումների մեջ ներքաշելու, քրդաբնակ նահանգները դժոխքի վերածելու համար:

Ոչ մի բացատրություն չկա Թուրքիայի խորհրդարանի «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալների դեմ պայքարելու վերաբերյալ մանդատը 1 տարով երկարաձգելու որոշում հաստատելու համար: Այդ որոշումով խորհրդարանը պետությանը տանում է պատերազմի: Մենք չենք կարող տեղ ունենալ այդպիսի կառավարությունում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանը սեպտեմբերի 3-ին հաստատել է երկրի ԶՈւ-ի՝ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալների դեմ պայքարելու վերաբերյալ մանդատը 1 տարով երկարաձգելու որոշումը: Մանրամասն՝ Ռազմինֆոյում:


Թուրքիայում HDP-ի երկու նախարար է հրաժարական տվել․ աղբյուրը՝ Զաման պարբերականի

Թուրքիայում HDP-ի երկու նախարար է հրաժարական տվել․ աղբյուրը՝ Զաման պարբերականի


Զաման․ Թուրքիայում հրաժարական են տվել «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (HDP) երկու նախարար։ Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ընդունել է նրանց հրաժարականները։


Հրդեհ է բռնկվել  «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) շենքում․ նկարը՝ Հյուրիեթ պարբերականի

Հրդեհ է բռնկվել «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) շենքում․ նկարը՝ Հյուրիեթ պարբերականի


Հյուրիեթ․ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անհայտ պատճառներով հրդեհ է բռնկվել «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) շենքում։


IMCTV. Թուրքիայի Վան նահանգի Էդրեմիթ շրջանում «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) մեկ անդամ է ձերբակալվել։

Իհլաս․ Սեպտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը Թուրքիայի ԶՈւ մեկ սահմանապահ բրիգադ Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանից, 30 զինվորական մեքենաներից բացկացած շարասյունով, շարժվել է դեպի նույն նահանգի Շեմդինլի շրջան։

Դողան․ Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սիլվան շրջանում PKK-ի երիտասարդական թև YDG-ի անդամները կրակել են անվտանգության ուժերի ուղղությամբ։

Դողան․ PKK-ի զինյալները հզոր պայթյուն են իրականացրել Թուրքիայի Մարդին նահանգի Արթուքլու շրջանում՝ ոստիկանական բաժանմունքի առջև։ Աղբյուրի փոխանցմամբ՝ զինյալները հարձակման ընթացքում օգտագործել են 500 կգ պայթուցիկ նյութեր։ Արդյունքում վնասվել են մոտկայքում գտնվող ոստիկանական մեքենաները և հարակից տները։

Անադոլու․ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն թուրքական Show TV-ին տված հարցազրույցում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել PKK-ի դեմ՝ թուրքական իշխանությունների պայքարի մասին։

…Օրերս սպանվել է PKK-ի ղեկավարներից մեկը, և այդպես լինելու է ամեն մեկի հետ, ով դավաճանաբար կհարձակվի մեր անվտանգության ուժերի և բնակչության վրա:

Նրանք բազաներ են ստեղծել Հյուսիսային Իրաքում, զինվում են, ստեղծում են ամրություններ, բնակչությունից ապօրինի կորզում են գումարներ: Ստանում են խորհրդարանի 80 տեղ և փորձում են Թուրքիան դեպի քաոս տանել: [Թուրքիայի խորհրդարանում 80 տեղ ստացել է քրդամետ HDP կուսակցությունը — Ռազմինֆո]

Սա [նրանց] պատասխանն է [մեր] հայտարարած լայն համաներման: Սա մաքուր դավաճանություն է: Հետդարձ չկա, ահաբեկչության դեմ պայքարը շարունակվելու է մինչև վերջ:

Դավութօղլուն իրենց անվտանգության ուժերի գործողությունները գնահատել է արդյունավետ, նշելով, թե իբր այս գործողությունների ընթացքում ոչ մի քաղաքացիական չի տուժել: Թուրքիայի վարչապետը նշել է, թե PKK-ի դեմ այս գործողությունը վերջին 30 տարվա մեջ ամենահաջողն է:


Սաբահ․ Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանից Յուքսեքովա տանող ճանապարհին PKK-ի զինյալները հարձակվել են զինվորական զրահապատ մեքենայի վրա։ Արդյունքում վիրավորվել է երկու զինվորական։

Աքշամ․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նախազգուշացում է արել Թուրքիայի իշխանություններին՝ PKK-ի դեմ օդային գործողություններ իրականացնելու վերաբերյալ, որոնք վտանգում են տարածաշրջանային կայունությունը։

Յուրաքանչյուր պետություն ինքնապաշտպանության իրավունք ունի։ Թուրքական պետությունը նույնպես իրեն ահաբեկչությունից պաշտպանելու իրավունք ունի։ Սակայն ինքնապաշտպանության այս չափը պետք է պահպանվի և խնդիրը չպետք է ավելի ընդլայնվի։ Ահաբեկչական հարձակումը խոչընդոտ չպետք է դառնա խնդիրը խաղաղ և քաղաքական ճանապարհով լուծելու համար։

Նշենք, որ PKK-ի զինյալների դեմ պայքարի ընթացքում Թուրքիան նրանց դիրքերին ավիահարվածներ է հասցնում նաև Իրաքում, ինչը չի կոորդիանցվում Իրաքի իշխանությունների հետ:


IMCTV. Թուրքիայի Շրնաք նահանգի Սիլոփի շրջանում անհայտ անձինք հարձակվել են «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) շենքի վրա։

ԱՄՆ Պետքարտուղարություն․ ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Ջոն Քիրբին սեպտեմբերի 21-ի ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ն ահաբեկչական չի համարում Սիրիայի քրդական «Ժողովրդավարական Միություն կուսակցությանը» (YPG)։

Նրանք [HPG—Ռազմ․ինֆո] արդյունավետորեն պայքարել են «Իսլամական պետության» դեմ Սիրիայում։ Մենք պատրաստվում ենք շարունակել մեր համագործակցությունը ԻՊ—ի դեմ պայքարող ուժերի հետ, որոնք միայն քրդական չեն։ Մենք հասկանում ենք Թուրքիայի մտահոգությունները YPG-ի վերաբերյալ և շարունակում ենք այդ ուղղությամբ նրանց հետ երկխոսությունը։


Իհլաս․ Թուրքիայի Մալաթիա նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող «Հեղափոխական ազգային-ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) 2 անդամ է ձերբակալվել։

Անհայտ անձինք հրկիզել են HDP-ի շենքը․ աղբյուրը՝ Դողան լրատվական գործակալության

Անհայտ անձինք հրկիզել են HDP-ի շենքը․ աղբյուրը՝ Դողան լրատվական գործակալության


Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում անհայտ անձինք հրկիզել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) շենքը։

Բուգյուն․ Անվտանգության ուժերը ձերբակալել են Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Դիարբեքիր-Մուշ ճանապարհի վրա սեպտեմբերի 20-ին մեքենա առևանգած PKK-ի զինյալին։ Դատարանի որոշմամբ վերջինս կալանավորվել է։

Աքշամ․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Իդիլ գավառում PKK-ի երիտասարդական թևի (YDG-H) անդամները նռնականետերով և հրազենով սեպտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը հարձակվել են խրամատները ծածկել ցանկացող ոստիկանների վրա։ Բախումները շարունակվել են ամբողջ գիշեր։

Բաշքալե-Հաքքարի ճանապարհի վրա պայթեցվել է զինվորական մեքենա։

Բաշքալե-Հաքքարի ճանապարհի վրա պայթեցվել է զինվորական մեքենա։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգի Բաշքալե գավառում՝ Բեբեշինի շրջանում Բաշքալե-Հաքքարի ճանապարհով զինվորական մեքենայի անցման ժամանակ PKK-ի զինյալների տեղադրած պայթուցիկ սարքը պայթել է։ Արդյունքում վիրավորվել է 11 ուժային։ Բաշքալե-Հաքքարի ճանապարհը ժամանակավորապես փակվել է։

Հիշեցնենք, որ այսօր Բեբեշինից քիչ հեռու ևս մեկ պայթյուն էր եղել, ինչի հետևանքով վիրավորվել էր ևս 13 ուժային։


Դողան․ Թուրքիայի հյուսիսարևելյան Թունջելի նահանգի Նազմիյե գավառի Դողանթաշ գյուղում բախումներ են եղել ժանդարմերիայի հատուկ նշանակության ջոկատների և PKK-ի զինյալների միջև։ Արդյունքում վիրավորվել է PKK-ի 2 զինյալ։ Նահանգում PKK-ի դեմ ձեռնարկված հատուկ գործողությունները շարունակվում են։

Միլիյեթ․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Դիջլե գավառում PKK-ի զինյալները հրազենով և նռնականետերով հարձակվել են գավառի անվտանգության ծառայության շենքի, դատարանի անվտանգությունն ապահովող ոստիկանների և հատուկ նշանակության ուժերի վրա։ Ուժայինները պատասխան կրակից հետո PKK-ի զինյալները փախել են։ Նրանց հայտնաբերելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում PKK-ի զինյալները հարձակվել են Հաքքարի-Չուքուրջա ճանապարհի վրա գտնվող Գեչիմլի գյուղի ժանդարմերիայի տեղամասի վրա։ Ուժայինների պատասխան կրակից հետո PKK-ի զինյալները փախել են։ Նրանց հայտնաբերելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ, շրջան են ուղարկվել ուղղաթիռներ։

Դիարբեքիրում հայտնաբերվել և առգրավվել է 5 միավոր «Կալաշնիկովի» ինքնաձիգ։

Դիարբեքիրում հայտնաբերվել և առգրավվել է 5 միավոր «Կալաշնիկովի» ինքնաձիգ։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր գավառում անվտանգության ուժերը խուզարկել են կասկածելի թվացող մի մեքենա։ Արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են 5 միավոր «Կալաշնիկովի» ինքնաձիգ և 2640 միավոր փամփուշտ։ Մեքենայում գտնվող 2 անձանց ձերբակալել են՝ PKK-ի անդամ լինելու մեղադրանքով։


Հյուրիյեթ․ Թուրքիայի հյուսիսարևելյան Թունջելի նահանգի Հոզաթ գավառում PKK-ի զինյալները կրակել են գավառի անվտանգության ծառայության պետի մեքենայի վրա, ինչի հետևանքով վերջինս և ևս 1 ոստիկան վիրավորվել են ու հոսպիտալացվել։ PKK-ի զինյալները փախել են։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգի Բաշքալե գավառում` Բաշքալե-Հաքքարի ճանապարհին, «Քիրփի» զրահամեքենայի անցնելու պահին PKK-ի զինյալների տեղադրած ինքնաշեն պայթուցիկը պայթել է, ինչի հետևանքով զրահամեքենան շրջվել է, վիրավորվել և հոսպիտալացվել է 13 զինծառայող։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին գավառի համանուն քաղաքի Ջումհուրիյեթ պողոտայում PKK-ի զինյալները ոստիկանական մեքենայի անցնելու պահին պայթուցիկներով բեռնավորված մեքենա են պայթեցրել։ Արդյունքում վիրավորվել է 2 հոգի։ Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, ձեռնարկվել են հատուկ գործողություններ։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

One response to “Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 22

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 20-26 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *