Թինա Խիդաշելին Լոնդոնում հանդիպել է Airbus և THALES ընկերությունների ներկայացուցիչներին

Սեպտեմբերի 17-ին Լոնդոնում անցկացվող DSEI-2015 (Defence and Security Equipment Industry) զենքի միջազգային ցուցահանդեսի ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հանդիպել է Airbus և THALES ընկերությունների ներկայացուցիչներին։ Սրանք այն ընկերություններն են, որոնց հետ Վրաստանն այս տարվա ամռանը 2 համաձայնագիր է կնքել։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ընկերության ներկայացուցիչը Վրաստանի պաշտպանության նախարարին ինչ-որ բան ներկայացնելիս

Ընկերության ներկայացուցիչը Վրաստանի պաշտպանության նախարարին ինչ-որ բան ներկայացնելիս

Ինչպես նշվում է պաշտպանական գերատեսչության մամուլի հաղորդագրությունում, «կողմերը քննարման ժամանակ ցանկություն են հայտնել համագործակցել Վրաստանի ՊՆ-ի հետ և պատրաստ են բավարարել վրաստանյան կողմի պահանջները, որոնք միտված են երկրի պաշտպանունակությունը բարձրացնելուն»։

Հանդիպման ավարտին նախարար Խիդաշելին հայտնել է, որ «ընկերությունների հետ հանդիպումը հիանալի հնարավորություն է, որպեսզի ՆԱՏՕ-ի անդամ երկրներից պատասխան ստանանք, թե արդյոք Ֆրանսիայում կնքված պայմանագիրը մեկանգամյա գործընթաց էր, թե կա շարունակելու հնարավորություն։ Մեծ Բրիտանիայի ՊՆ-ի ներդրումների դեպարտամենտի ղեկավարը մեզ հավաստիացրել է, որ Մեծ Բրիտանիայի կողմից Վրաստանի համար որևէ խնդիր և էմբարգո չկա»,—նշել է նախարարը։

Թինա Խիդաշելին Airbus և THALES ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը

Թինա Խիդաշելին Airbus և THALES ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը

Հիշեցնենք, որ այս տարվա ամռանը Վրաստանը Ֆրանսիայում ֆրանս-ամերիկյան ThalesRaytheonSystems և հրթիռներ արտադրող եվրոպական MBDA (MBDA-ն իտալական Alenia Marconi Systems, եվրոպական Airbus և բրիտանական BAE Systems ընկերությունների համատեղ ձեռնարկություն է) ընկերությունների հետ համաձայնագրեր է կնքել։

Հունիսի 15-ին Թինա Խիդաշելին ThalesRaytheonSystems ընկերության հետ պայմանագիր է կնքել, հավանաբար, հակաօդային պաշտպանության փոքր հեռահարության համակարգերի ձեռքբերման վերաբերյալ։ Թեև չի մասնավորեցվում՝ հատկապես ինչ տեսակի հակաօդային պաշտպանության միջոցի մասին է խոսքը, սակայն այդ ժամանակ հրապարակված լուսանկարներից և տեսանյութից երևում է, որ վրաստանյան կողմին ներկայացվում է ThalesRaytheonSystems ընկերության փոքր հեռահարության Crotale զենիթահրթիռային համալիրը և Ground Master 200 միջին հեռահարության ռադիոտեղորոշման կայանը: Չի բացառվում, որ խոսքը հենց այս միջոցների մասին է:

Մյուս պայմանագիրը նախարար Խիդաշելին հուլիսի 10-ին Փարիզում կնքել է հրթիռներ արտադրող եվրոպական MBDA ընկերության գլխավոր տնօրեն Անտուան Բուվիեի (Antoine Bouvier) հետ։ Այս պայմանագրի մանրամասների վերաբերյալ ևս տեղեկություններ չեն հաղորդվում։ Վրաստանյան կողմը հայտնել է, որ այս պայմանագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու օրվանից (հուլիսի 10), իսկ պայմանագրի իրականացումը սկսվելու է 2016 թվականի հունվարի 1-ից։

Ռուսաստանյան Sputniknews.com-ի հաղորդմամաբ էլ, Խիդաշելին Փարիզում հայտարարել է, որ աշնան վերջին Ֆրանսիայում նա կկնքի ևս մեկ «Վրաստանի անվտանգության համար կարևոր պայմանագիր»։

Տեղեկացնենք, որ Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին Մեծ Բրիտանիայում էր իր եվրոպական ուղևորության շրջանակներում։ Նա արդեն պաշտոնական այցով եղել է Լեհաստանում, Լիտվայում, Լատվիայում, Չեխիայում և Մեծ Բրիտանիայում, հանդիպել պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ։

Սեպտեմբերի 15-ին մեկնարկած DSEI-2015 միջազգային ցուցահանդեսի ժամանակ ցուցադրվել է 3 ուղղության սպառազինություն՝ ցամաքային, ծովային և ավիացիոն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *