Մեկնարկել է ԱՄՆ պաշտպանության նախարարի` Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի գործերով տեղակալի օգնական Էվելին Ֆարքասի կարճաժամկետ պաշտոնական այցը Ադրբեջան։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը՝ հղում անելով Բաքվում ԱՄՆ դեսպանությանը։
Հրապարակման մեջ նշվում է, որ պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ երկրի պաշտոնատար մի շարք անձնաց հետ, որոնց հետ քննարկվելու են ինչպես երրկկողմ հարաբերությունների ընդլայնմանը, այնպես էլ պաշտպանության և անվտանգության ոլորտներին վերաբերող հարցեր։
Հիշեցնենք, որ 2015-ի հուլիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկովը ՊՆ էր հրավիրել այդ երկրում ԱՄՆ ռազմական կցորդին, ում իր ափսոսանքն էր հայտնել, որ վերջին շրջանում ադրբեջանա-ամերիկյան ռազմական համագործակցության ոլորտում նկատվում է որոշակի սառեցում։ Սադիկովն իր երկրի պատրաստակամությունն էր հայտնել ձեռնարկելու անհրաժեշտ բոլոր քայլերը՝ միտված այդ համագործակցության աշխուժացմանը։
Նշենք նաև, որ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների մակարդակի անկումը, ինչպես նշում է Բաքուն, պայմանավորված է նրանով, որ Պետդեպը հաճախ է միջամտում Ադրբեջանի ներքին քաղաքական հարցերին։