Իրադրությունը Սիրիայում, 28 հուլիսի. թարմացվող լրահոս

18:19 Ռուսաստանի արտգործ նախարար Սերգեյ Լավրովը, Ճապոնիայի արտգործ նախարար Կոիչիրո Գեմբայի (Koichiro Gemba) հետ Սոչիում հանդիպումից հետո մամուլի ասուլիսին հայտարարել է, որ ապստամբներին միջազգային օգնություն տրամադրելը կհանգեցնի ավելի շատ արյունահեղության։

Մասնավորապես նա ասել է. «Բոլոր կողմերն էլ պիտի ճնշման ենթարկվեն: Ցավոք, մեր արևմտյան գործընկերները մի քիչ ուրիշ բան են նախընտրում անել, և իրականում Սիրիայի որոշ հարևան երկրների հետ միասին խրախուսում, աջակցում և ղեկավարում են ռեժիմի դեմ պայքարը: Այս ամենի գինն ավելի մեծ արյունահեղությունն է լինելու»:

17:17 Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը հանձնարարել է Կիլիկիան Կաթողիկոսության թեմերին` նյութական աջակցություն ապահովել Սիրիայի ազգային վարժարանների համար և գումար է հատկացրել Ազգային Առաջնորդարանին` սննդի և այլ անհրաժեշտ կարիքների համար:

Վեհափառը հայտարարել է. «Միջին Արևելքի գաղութների կենսունակ ու կազմակերպ պահպանումը առաջնահերթություն է` ելնելով մեր ազգի ընդհանրական ու գերագույն շահերից: Լիբանանի հայությունը լիբանանյան ահավոր պատերազմի օրերին, շնորհիվ հավաքական կամքի, հավատի ու միասնականության, կանգուն մնաց: Նույնը պետք է կատարի նաև Սիրիայի հայությունը: Այժմ զգացական հայտարարություններ անելու ժամանակը չէ: Պետք է զորավիգ դառնալ Սիրիայի հայությանը, որպեսզի նա կարողանա հաղթահարել դժվարությունները»:

13:54 Հալեպից որոշ տեղեկությունների համաձայն՝ սիրիական բանակի տանկերը մտել են քաղաքի Սալահ ալ-Դին թաղամաս։ Տանկերին աջակցում են նաև ուղղաթիռներ։ Ապստամբները փորձում են լքել քաղաքը։

***

12:20 ԲիԲիՍի-ի թղթակից Իան Պանելը (Ian Pannell) հայտնում է, որ ըստ ապստամբների տեղեկություների՝ նախատեսված կառավարական հարձակումը սկսվել է. լուսաբացին ծանր հրետանով ռմբակոծվել են քաղաքի որոշ թաղամասեր, այնուհետև՝ տանկերն ու զրահավորված մեքենաները սկսել են առաջխաղացումը դեպի Սալահ ալ-Դին շրջան։

Երկու կողմն էլ վճռորոշ ուզում են վերահսկել տարածքը, բայց կրակային առավելությունը պատկանում է կառավարական զորքերին, և նրանք պատրաստ են այն օգտագործել:

Ռազմ.ինֆո-յի աղբյուրը Հալեպից հայտնում է, որ «Կատաղի մարտերն արդեն սկսվել են և քաղաքի հարավային շրջանները գնդակոծման հիմնական թիրախներն են, իսկ հյուսիսային շրջանները, որոնք մոտ են հայկական թաղամասերին համեմատաբար ավելի հանգիստ են, թե այնտեղ էլ են մարտեր ընթանում»:

***

Թուրքիան՝ Սաուդյան Արաբիայի և Քաթարի հետ գաղտնի կենտրոն է ստեղծել Ադանայում, ապստամբներին օգնություն ցուցաբերելու համար, տեղեկացնում է Ռոյթերսը։

Կենտրոնը ստեղծվել է Սաուդիան Արաբիայի արգործնախարարի տեղակալ արքայազն Աբդուլազիզ բին Աբդուլահ ալ-Սաուդի Թուրքիա այցելությունից հետո և գտնվում է Սիրիայի սահմանից 60 կմ հեռավորության վրա, հայտարարել է Ռոյթերսի աղբյուրը։

Ըստ նույն աղբյուրի՝ Թուրքիան, Քաթարը և Սաուդիան Արաբիան զենք ու զինամթերք են մատակարում ապստամբներին։

Հիշեցնենք որ Ադանայում է գտնվում Ինջիրլիկ (Incirlik ) թուրք-ամերիկյան ավիաբազան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *