Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 18

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ սեպտեմբերի 18-ին՝ 21:35-ի դրությամբ, առևանգվել է 1 ենթասպա, սպանվել է PKK-ի 4 զինյալ, ևս 3-ը վիրավոր է, որոշ շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն: Վիրավորվել է նաև 1 ուժային, 3 քաղաքացիական անձ, ևս 5 հոգի ձերբակալվել է: Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը։


Իհլաս. Թուրքիայի հարավարևելյան Բաթմանի նահանգապետարանը այսօր՝ ժամը 18:00-ից սկսած, պարետային ժամ է հայտարարել Սասուն գավառի Քելհասան, Քարամեշե և Քիլիմլի գյուղերում:

Դողան. Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա և Շեմդինլի գավառների որոշ շրջաններում PKK-ի զինյալների դեմ պայքարելու, բնակչության անվտանգությունը ապահովելու համար հայտարարվել է 15-օրյա արտակարգ դրություն:


Դողան. Թուրքիայի հյուսիսարևելյան Թունջելի նահանգում PKK-ի զինյալները Ալաջըք գյուղի շրջանում փակել են Թունջելի-Էրզինջան ճանապարհը, կանգնեցրել մեքենաները, ստուգումներ անցկացրել և առևանգել են մի ենթասպայի: Ուժայինները ենթասպային գտնելու համար նահանգում ձեռնարկել են հատուկ գործողություններ:

Անկարայում հանրահավաք է տեղի ունեցել

Անկարայում հանրահավաք է տեղի ունեցել

Իհլաս. Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում սեպտեմբերի 17-ին անցկացվել է «Ոչ ահաբեկչությանը, այո եղբայրությանը» հանրահավաքը, որին մասնակցել է մոտավորապես 100 հազար մարդ, 14 հասարակական կազմակերպություն: Հանրահավաքի մասնակիցները թուրքական 2000 մետրանոց դրոշով քայլել են դեպի Թուրքիայի ազգային մեծ ժողովի շենք:


Իհլաս․ Թուրքիայի Բաթման նահանգի Սասուն շրջանում անվտանգության ուժերի և PKK-ի զինյալների միջև եղած բախման արդյունքում սպանվել PKK-ի երկու և ձերբակալվել է մեկ զինյալ։

Սաբահ․ Թուրքիայի Թունջելի նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում 1 տոննա պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել։

Դողան․ Թուրքիայի Շրնաքի նահանգում՝ դեպի Ջիզրե տանող ճանապարհի 15 կմ-ին պայթել է PKK-ի զինյալների տեղադրած ռումբը։ Արդյունքում վնասվել է ճանապարհի 3 մետր հատված։

Ջիզրե տանող ճանապարհի 15 կմ-ին պայթել է PKK-ի զինյալների տեղադրած ռումբը․ աղբյուրը՝ Դողան լրատվական գործակալություն

Ջիզրե տանող ճանապարհի 15 կմ-ին պայթել է PKK-ի զինյալների տեղադրած ռումբը․ աղբյուրը՝ Դողան լրատվական գործակալություն


Իհլաս․ Թուրքիայի հարավ-արևելյան Մուշ նահանգի Վարթո շրջանում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում PKK-ի 4 զինյալ է սպանվել։

Սաբահ․ Թուրքիայի հարավ-արևելյան Դիարբեքիր նահանգի Հանի շրջանում PKK-ի մի խումբ զինյալներ հարձակվել են ժանդարմերիայի բաժանմունքի վրա։ Տևական փոխհրաձգությունից հետո PKK-ի զինյալները փախել են։

Իհլաս․ Թուրքիայում վերջին մի քանի ամիսներին ծավալվող թուրք-քրդական բախումները մեծ հարված են հասցնում տուրիզմի ոլորտին։ Իզմիր նահանգի Չեշմե շրջանի «Չեշմեի հյուրանոցների սեփականատերերի միության» նախագահ Վեյսի Օնջելի խոսքերով՝ հանգստյան գոտի այցելող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 45 %-ով։

Իհլաս․ Թուրքիայում վերականգնվել է Թունջելի-Էրզինջան-Փյուլյումյուր և Թունջելի-Օվաջըք ճանապարհների երթևեկությունը։ Հիշեցնենք, որ ճանպարհները փակվել էին սեպտեմբերի 15-ին՝ PKK-ի զինյալների դեմ հատուկ գործողություն իրականացնելու նպատակով։

Դողան․ Թուրքիայի Արդահան նահանգի Գյոլե շրջանում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում, PKK-ի զինյալների հետ համագործակցության մեղադրանքով 4 մարդ է ձերբակալվել։

Դիարբեքիրում առգրավվել են PKK-ին պատկանող զենքեր և այլ նյութեր

Դիարբեքիրում առգրավվել են PKK-ին պատկանող զենքեր և այլ նյութեր

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Բաղլար գավառում PKK-ի զինյալների և երիտասարդական թևի (YDG-H) անդամների դեմ ոստիկանության ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են ինքնաշեն պայթուցիկներ, 2 միավոր որսորդական հրացան և այլ նյութեր:


Հյուրիյեթ Դեյլի Նյուզ․ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ «կարգավորման գործընթացի» (2013-ին կնքված զինադադար, PKK-ի մարտիկների՝ Թուրքիայից դուրս բերում) ժամանակաշրջանում վարչակազմը հրահանգել է նահանգապետերին և գավառապետերին չիրականացնել ռազմական գործողություններ ընդդեմ PKK-ի։

«Իհարկե «կարգավորման գործընթացի» ժամանակ մեր նահանգապետերն ու գավառապետերն ակտիվորեն ընդգրկված չեն եղել PKK-ի դեմ ռազմական գործողություններում, քանի որ սպասվում էր, որ PKK-ի զինյալները կսթափվեն, և երկրում չէր ստեղծվի նման իրավիճակ, բայց քանի որ նրանք շարունակում են նույն ոգով, ռազմական գործողությունները շարունակվելու են»․ ասել է նախագահ Էրդողանը։


Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր գավառին կից Հասըրլը թաղամասում դիմակավորված անձինք ցանկացել են բարիկադներ դնել։ Նրանց գործողություններին միջամտելու համար դեպքի վայր ժամանած մեծ թվով ոստիկանական խմբերի ու դիմակավորված անձանց միջև սկսվել է փոխհրաձգություն։  Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ոստիկանության ձեռնարկած գործողությունները շարունակվում են։

Անադոլու․ Թուրքիայի արևելյան Մուշ նահանգի Վարթո գավառում PKK-ի զինյալների դեմ ժանդարմերիայի և ոստիկանության հատուկ նշանակության ջոկատների ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում վիրավորվել և հոսպիտալացվել են PKK-ի 2 զինյալ՝ գավառում PKK-ի գործողությունների պատասխանատու Աբդուլլահ Գյուրը և Իլհամի Սեվերը։ Շրջանում հատուկ գործողությունները շարունակվում են։

Պայթյուն Դատվան-Ահլաթ ճանապարհի վրա

Պայթյուն Դատվան-Ահլաթ ճանապարհի վրա

Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Բիթլիս նահանգի Դատվան գավառում PKK-ի զինյալները Դատվան-Ահլաթ ավտոմայրուղու վրա ցանկացել են ոստիկանական զրահամեքենա պայթեցնել, բայց պայթյունը ուշացել է ու ոստիկանական մեքենայի փոխարեն քաղաքացիական մեքենա է պայթել։ Արդյունքում վիրավորվել և հոսպիտալացվել է 3 մարդ։ Պայթյունից հետո ուժայինները ժամանակավորապես փակել են Դատվան-Ահլաթ ավտոմայրուղին։


Դողան․ PKK-ի զինյալները կրակել են Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգի Բաշքալե գավառի 4-րդ սահմանապահ գումարտակի հրամանատարությանը կից Քոչդաղի սահմանպահ ջոկատի վրա։ Արդյունքում վիրավորվել և հոսպիտալացվել է սահմանապահ ջոկատի 1 զինծառայող։ Զինվորների պատասխան կրակից հետո PKK-ի զինյալները փախել են։ Նրանց ձերբակալելու համար ձեռնարկվել է հատուկ գործողություն։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

One response to “Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 18

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 13-19 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *