Ռուսաստանի Սմոլենսկի շրջանում (սահմանակից է Բելառուսին) ՌԴ զինված ուժերի Մի-24 ուղղաթիռը ուսումնական թռիչքի ժամանակ «կոշտ վայրէջք» է կատարել, հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Սեպտեմբերի 16-ի երեկոյան եղած միջադեպի պատճառով, նախնական տվյալներով, տուժածներ չկան: Դեպքի վայրում աշխատում են ՌԴ ՊՆ մասնագետները, որոնք պետք է պարզեն ուղղաթիռի անկման պատճառով հասցված վնասը:
Վերջին երեք ամիսներին ՌԴ զինված ուժերում սա 8-րդ ավիապատահարն է, որի մասին հայտնի է դարձել: Մինչև այս՝ հիմնականում հունիս-հուլիս ամիսներին, նաև անձնակազմի կորստով դեպքեր են եղել ռազմական ինքնաթիռների մասնակցությամբ, իսկ օգոստոսին վթարվել է նաև ՌԴ ԶՈւ Մի-28 ուղղաթիռ:
Ավիապատահարների հաճախակիությունը մեկնաբանելիս ՌԴ ՊՆ անանուն պաշտոնյան հայտնել էր, որ ռուսաստանյան զինված ուժերում ավիավթարների հաճախակիացման պատճառը բարձրակարգ մասնագետների պակասն է:
Խնդիրն այն է, որ «պատահարների շրջանից» առաջ ՌԴ զինված ուժերում մասնագետների կրճատումներ են եղել, սակայն դրա հետ նաև ավելացվել են ուղղաթիռների, ինքնանթիռների մատակարարումները և ավիացիայի թռիչքների քանակը: Արդյունքում շատ թռիչքների մասնակցել են անփորձ օդաչուներ: