Սեպտեմբերի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) շրջանակներում Հայաստանում անցկացվում է ՀՀ ԶՈւ Խաղաղապահ բրիգադի մեկ հրաձգային գումարտակի ՕԿՀ 2-րդ մակարդակի գնահատում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Գնահատման երկրորդ փուլում ստուգվում է ստորաբաժանման մարտական պատրաստականությունը, ինչպես նաև տեխնիկայով, սպառազինության և թիկունքային այլ միջոցներով համալրվածությունը` համաձայն ՆԱՏՕ-ի կողմից սահմանված ուղեցույց փաստաթղթերի պահանջների:
Բուն գնահատման գործընթացն ապահովելու նպատակով Խաղաղապահ բրիգադի «ԶԱՌ» ուսումնական կենտրոնում օգոստոսի 9-ից սեպտեմբերի 15-ն իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ, իսկ սեպտեմբերի 15-ից 19-ը ընկած ժամանակահատվածում ընթանում է հրամանատարաշտաբային զորավարժություն:
Բացի հայտագրված ստորաբաժանման գնահատման բուն գործընթացից, զորավարժությունը կարևորվում է նրանով, որ նպաստում է մասնակիցների կողմից շտաբային ընթացակարգերի և գործողությունների ղեկավարման ու կառավարման հարցերում մասնագիտական գիտելիքների ձեռքբերմանը և համապատասխան ունակությունների կատարելագործմանը:
Զորավարժությունը վերահսկելու և կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 17-ին «ԶԱՌ» ուսումնական կենտրոն են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
Համաձայն նախնական գնահատականի` զորավարժությունն ընթանում է ըստ պլանի` դրական արդյունքներով: Վերջնական գնահատականը կտրվի ՆԱՏՕ-ի խմբի ղեկավարի կողմից սեպտեմբերի 20-ին:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 13-19 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info
Pingback: ՀՀ ԶՈւ խաղաղապահներն անցկացրել են զորավարժություն | Ռազմ.info