ԵԽԽՎ ժողովրդավարության և քաղաքական հարցերի կոմիտեի՝ Արցախյան հիմնախնդրի հարցով զեկուցող Ռոբերթ Ուոլթերն այցելել է հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի մի շարք հատվածներ՝ տեղում ծանոթանալու առաջնագծում տիրող իրավիճակին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում նշվում է, որ Ուոլթերը եղել է շփման գծի Աղդամի և Թարթառի հատվածներում, վիզուալ ուսումնասիրել առջևում տեղակայված հայկական դիրքերն ու հենակետերը, որից հետո հանդիպել է ադրբեջանական զինուժի անձնակազմին՝ զինվորներից և սպաներից ստանալով իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները, պատասխանելով նաև վերջիններին հետաքրքրող հարցերին։
Նշենք, որ սեպտեմբերի 15-ին Ուոլթերն այցելել էր նաև Ադրբեջանի ՊՆ՝ որտեղ հանդիպել էր պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։ Վերջինս բավարարել էր Ուոլթերի խնդրանքը՝ կազմակերպել նրա այցը հայ-ադրբեջանական ուժերի շփման գիծ։
Տեղեկացնենք նաև, որ Ռոբերթ Ուոլթերը ԵԽԽՎ-ում պատրաստվում է ներկայացնել զեկույց, որը վերնագրել է «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում»։ Հայաստանյան «Այսօր» լրատվակայքի հետ հարցազրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշել է՝ Ստեփանակերտը չի պատրաստվում թույլ տալ Ուոլթերին այցելել Արցախ՝ քանի դեռ չի փոխվել պատրաստվող զեկույցի վերնագիրը։
Հավելենք որ սեպտեմբերի 14-ին ԵԽԽՎ-ի կայքում տեղադրվել էր հաղորդագրություն, որում նշվում էր, որ Արցախյան հակամարտության հարցով զեկուցող Ուոլթերը սեպտեմբերի 15-ից 16-ը այցելելու է Ադրբեջան՝ շփման գծում տիրող իրավիճակին ծանոթանալու համար։ Հաղորդագրությունում նշվում էր նաև, որ հակամարտող մյուս, այսինքն հայկական կողմ այցելությունը նախատեսվում է մոտ ապագայում։