Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մահապարտ-ահաբեկիչները 3 պայթյուն են կազմակերպել, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 23 և վիրավորվել ավելի քան 68 մարդ։ Այս մասին հայտնում է Ռոյթերս լրատվական գործակալությունը՝ նշելով, որ ահաբեկչությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
Ինչպես հայտնում է գործակալությունը, պայթյուններն ուղղված են եղել ոստիկանների և ԻՊ-ի դեմ կռվող մարտիկների դեմ։ Հավելենք, որ պայթյունները եղել են քաղաքի՝ շիա-մուսուլմաններով բնակեցված հատվածներում։ Իրաքի ուժային կառույցներն արդեն հավելյալ ուժեր են կենտրոնացրել միջադեպի վայրերում՝ պայթյունների կրկնություն թույլ չտալու համար։
Մահապարտ-ահաբեկիչների պայթյունի արդյունքում զոհվել է 19 հոգի, իսկ 2-րդի ժամանակ՝ 4 հոգի։
Ռոյթերսը գրում է նաև, որ այս պայթյունների նպատակն է եղել ցույց տալ Իրաքի կառավարությանը, որ սունի-մուսուլմանները կարող են մայրաքաղաքի կենտրոնում ահաբեկչություններ կազմակերպել, թեև կառավարությունը փորձում է ամեն կերպ խափանել ահաբեկիչների նման գործունեությունը։
Հիշեցնենք, որ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հսկայական տարածքներ է զավթել ու շարունակում է իր ահաբեկչական գործունեությունը: Կազմակերպության դեմ պայքարում են Սիրիայի և Իրաքի կառավարական ուժերը և տեղաբնակ քրդերը, ինչպես նաև ԱՄՆ-ի գլխավորությամբ 2014-ի սեպտեմբերին կազմավորված միջազգային կոալիցիան, որը օդային հարվածներ է հասցնում ահաբեկիչների դիրքերին: