Եմենի վարչապետ Խալեդ Բահահը մի քանի ամսվա վտարանդությունից հետո՝ սեպտեմբերի 16-ին, վերադարձել է երկրի մայրաքաղաք Ադեն։ Վերջինս հութիների՝ դեռևս փետրվարից սկսված ապստամբության պատճառով լքել էր մշտական նստավայր, մայրաքաղաք Սանան ու ապաստանել Արաբական ծոցի դաշնակից պետությունների մոտ։Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը:
Եմենի կառավարության խոսնակ Ռաջեհ Բադին հայտարարել է, որ Բահահին վերադարձի ժամանակ ուղեկցել են 6 նախարար։ «Վարչապետ Խալեդ Բահահն ու նրան ուղեկցած նախարարները Ադենում են՝ մշտապես մնալու նպատակով»,- հավելել է Բադին։
Նշենք, որ մարտին ապստամբների ձեռքն անցած Ադենը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային հաջողվել է հետ վերցնել հուլիսի 14-ին, որից հետո Սաուդյան Արաբիայում ապաստանած 7 նախարար վերադարձել է Եմեն: Քաղաքը հութիներից հետ վերցնելուց հետո դեռևս օգոստոսին 1-ին առաջին անգամ Ադեն էր ժամանել նաև վարչապետ Բահահը՝ իրավիճակին ծանոթանալու նպատակով։
Հիշեցնենք, որ փետրվարին հութիներն իշխանությունից հեռացրել էին երկրի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադին, և վերջինս ապաստանել էր սկզբում երկրի հարավում՝ Ադեն քաղաքում, իսկ օրեր անց, երբ հութիներին հաջողվել էր գրավել նաև այդ քաղաքը, և Հադին լքել էր երկիրն ու հաստատվել հարևան Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում։
Սրան հաջորդել է Եմենի արտգործնախարարի՝ Պարսից ծոցի երկրներին ուղղված կոչը՝ ռազմական միջամտությամբ շիադավան, իրանամետ հութի ապստամբների՝ դեպի երկրի հարավային շրջաններ առաջխաղացումը կանխելու վերաբերյալ: Իսկ մարտի 24-ին ռազմական աջակցության խնդրանքով ՄԱԿ-ին է դիմել երկրի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադին, որից հետո Սաուդյան Արաբիան ու Պարսից ծոցի արաբական 9 երկիր Եմենի օրինական ղեկավարի խնդրանքով ռազմական գործողություններ են սկսել այդ երկրում։
Գործողություններին մասնակցում են Պարսից ծոցի բոլոր արաբական երկրները՝ բացառությամբ Օմանի։ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային ներկայում հաջողվել է բավականին հետ մղել հութիներին, մարտերը շարունակվում են մայրաքաղաք Սանային հարակից Մարիբ նահանգի մոտակայքում։