Ամերիկյան Lockheed Martin և թուրքական Roketsan («Ռոքեթսան») ընկերությունները պայմանագիր են ստորագրել, որի համաձայն համատեղ նախագծելու են ամերիկյան F-35 կործանիչների համար նախատեսված նոր թևավոր հրթիռ: Այս մասին սեպտեմբերի 16-ին տեղեկացնում է ամերիկյան ռազմարդյունաբերական ընկերության կայքը:
Նոր SOM-J թևավոր հրթիռը «օդ-մակերևույթ» դասի է, և նախատեսված է ինչպես ԱՄՆ և Թուրքիայի, այնպես էլ այլ երկրների զինված ուժերին վաճառելու համար:
Հրթիռի առանձնահատկությունն այն է, որ կործանիչի օդաչուն կարող է հրթիռն արձակել մեծ հեռավորությունից, ինչը թույլ կտա խուսափել հակառակորդի հակահարձակումից:
Թեև հրթիռը նախատեսված է F-35 նորագույն կործանիչների համար, որոնցից Թուրքիան նույնպես պատվիրել է, սակայն դրա փորձարկումներն անցկացվելու են թուրքական զինված ուժերի F-16 կործանիչների վրա:
Հետաքրքիր է, որ ամերիկյան և թուրքական ընկերություններն այս հրթիռի նախագծման վերաբերյալ համաձայնության են եկել շատ ավելի վաղ: Դեռ 2014-ի հոկտեմբերին ամերիկյան ընկերության կայքը ևս մեկ նման լուր է տարածել, ըստ որի՝ երկու ընկերությունները համագործակցելու են հրթիռը նախագծելիս: Սակայն, ըստ էության, մոտ մեկ տարի անց երկու ընկերությունները հասցրել են միայն համաձայնությանը պայմանագրի տեսք տալ:
SOM-J հրթիռը Թուրքիայում ավելի վաղ նախագծված գերձայնային SOM (Stand-off Mühimmat Seyir Füzesi) հրթիռի փոքր տարբերակն է: Նոր հրթիռը ունենալու է նավիգացիայի GPS, ինչպես նաև իներցիալ և ինֆրակարմիր տեսողության համակարգեր: Նշենք, որ դրա նախկին տարբերակը՝ SOM հրթիռը, նախատեսված է եղել հենց F-16 կործանիչների համար:
Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 13-19 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info
Pingback: F-35 կործանիչների արտադրության համար Թուրքիայում ստեղծվում է 7,5 մլրդ դոլարի ենթակառուցվածք | Ռազմ.info