Մինչև տարեվերջ ռուսական նավատորմը 10-15 նոր նավ կստանա

Այս մասին հայտնել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, փոխծովակալ Վիկտոր Չիրկովը։ Նա նաև տեղեկացրել է, որ հունիսի 30-ին տեղի կունենա «Բորեյ» տիպի չորրորդ ատոմային սուզանավի՝ «Կնյազ Վլադիմիրի», հիմնադրումը։ Այդ նավերը զինվելով «Բուլավա» տիպի միջմայրացամաքային բալիստիկ հրթիռներով՝ մոտ ապագայում պիտի դառնան Ռուսաստանի միջուկային տրիադայի ծովային բաղադրիչի հիմքը։ Ի դեպ, ըստ փոխծովակալի այս աշնանը նախատեսված է «Բուլավայի» հերթական փորձարկումը «Բորեյ» տիպի երկորդ սուզանավից՝ «Ալեքսանդր Նևսկուց», ընդ որում, եթե հրթիռի առաջին փորձարկումը հաջող լինի, կարձակվի նաև երկրորդը։ Ներկայումս «Ալեքսանդր Նևսկի» սուզանավն ընթացքային փորձարկումներ է անցնում։

Սակայն Ռուսաստանում ոչ բոլորն են ընդունում Չիրկովի ոգևորվածությունը, և պատճառը նավատորմին հանձնվելիք նավերի կազմն է։ Բացի «Բորեյ» տիպի առաջին սուզանավից՝ «Յուրի Դոլգորուկուց», ցուցակում են մեկ ֆրեգատ (նխգծ. 22350), երկու կորվետ (նխգծ. 20380), մեկ փոքր հրետանային նավ (նխգծ. 21630), երկու պարեկային կատեր (նխգծ. 12151), չորս բուքսիր, երկու հակադիվերսիոն կատեր (նխգծ. 21980) և երկու դեսանտային կատեր (նխգծ. 11770)։

Այս կազմն իսկապես բավական խղճուկ տպավորություն է թողնում, սակայն, հաշվի առնելով, որ նախորդ տարիներին ռուսական նավատորմը ոչ միայն ոչինչ չէր ստանում, այլև անընդհատ կրճատվում էր, սա թերևս կարելի է առաջընթաց համարել, հատկապես հաշվի առնելով, որ նավաշինական ծրագրերն առաջիկա տարիների համար այսքանով չեն ավարտվում։ Մասնավորապես նախատեսվում է մինչև 2020 թվականը ձեռք բերել մոտ երեք տասնյակ սուզանավ, այդ թվում՝ մինչև 8 «Բորեյ» և նույնքան «Յասեն» տիպի, հինգ տասնյակից ավելի վերջրյա նավ, այդ թվում ֆրանսիական «Միստրալ» տիպի 4 ուղղաթիռակիր, կորվետներ, ֆրեգատներ և այլն, եթե, իհարկե, այս ծրագրերը չկրճատվեն կամ չհետաձգվեն, ինչն ամենևին բացառված չէ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *