Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 16

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ սեպտեմբերի 16-ին՝ 23:08-ի դրությամբ, սպանվել է 3 և վիրավորվել 1 ուժային, PKK-ից սպանվել է 10 զինյալ, վիրավորվել՝ 1-ը, ձերբակալվել է 15 մարդ, առևանգվել է 1 մարդ, 2 գավառում հայտարարվել է արտակարգ դրություն։ Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը։


Հյուրիյեթ Դեյլի Նյուզ. Դավութօղլուն անդրադարձել է «Հյուրիյեթի» խմբագրության վրա կազմակերպած հարձակումների վերաբերյալ իշխող ԱԶԿ պատգամավորի հայտարարություններին, ով թերթի վրա հարձակված ցուցարարներին ասել էր. «Նրանք երբեք չեն ենթարկվել հարձակման: Մեր սխալն այն է եղել, որ անցյալում երբեք չենք հարձակվել նրանց վրա»։

Վարչապետ Դավութօղլուն ասել է.

«Ես հավանություն չեմ տալիս նման հայտարարություններին՝ անկախ նրանից, թե ով է ասողը: Բայց միևնույն ժամանակ չպետք է վատ մտադրություն փնտրել դրա ներքո»:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ «Հյուրիյեթ» թերթի խմբագրությունը 2 անգամ հարձակման է ենթարկվել ցուցարարների կողմից:


Դողան. Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Դարգեչիթ գավառի Դիբեքլիի գյուղի շրջանում PKK-ի զինյալները հրազենով և նռնականետով կրակել են ուժայինների վրա: Տևական փոխհրաձգությունից հետո PKK-ի զինյալները փախել են: Զոհեր և վիրավորներ չկան:

Թուրքիայի ներկայիս վարչապետ Դավութօղլուն ասել է.

«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP) մեր քաղաքական մրցակիցն է, այլ ոչ թե թշնամին, բայց եթե շարունակի պաշտպանել PKK-ին, կդառնա հասարակության թշնամին:


Դողան. Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգում պայթեցվել է ոստիկանության հատուկ նշանակության ուժերին պատկանող զինապահեստ: Պայթյունի հանգամանքները դեռևս չեն պարզվել:

Դողան. Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում PKK-ի զինյալների դեմ ժանդարմերիայի և ոստիկանության ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են 6 պայթուցիկ, 3 միավոր ԱԿ-47 «Կալաշնիկովի» ինքնաձիգ, 6 միավոր ԱԿ-47 «Կալաշնիկովի» ինքնաձիգին պատկանող փամփուշտակալ, 211 փամփուշտ:

Դողան. Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգի Չաթաք գավառում PKK-ի զինյալները կտրել են ճանապարհ, կանգնեցրել մեքենաներից մեկը և առևանգել վարորդին:

Դողան. Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Դարգեչիթ գավառում ոստիկանությունը ձերբակալել է PKK-ի 6 զինյալի: Նրանք մեղադրվում են սեպտեմբերի 3-ին գավառում ոստիկանական զրահամեքենա պայթեցնելու համար: Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով սպանվել էր 4 ոստիկան:

Անադոլու. Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգի Իփեքյոլու գավառում PKK-ի զինյալները պայթուցիկներով, «մոլոտովի կոկտեյլներով» հարձակվել են գավառի դպրոցներից մեկի շենքի վրա: Հարձակման հետևանքով կոտրվել են դպրոցի պատուհանները, վնասվել են պատերը: Ոստիկանությունը ձեռնարկել է հատուկ գործողություններ հարձակումը կազմակերպածներին հայտնաբերելու համար:

Սաբահ. Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառի Ալթընսու գյուղի Էլդե թաղամասի մոտակայքում PKK-ի զինյալները պայթյուն են կազմակերպել զինվորական մեքենայի անցման ժամանակ: Պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել: PKK-ի զինյալներին ձերբակալելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ:

Իհլաս. Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում՝ Հաքքարի-Չուքուրջա ճանապարհի 15-րդ կմ-ին անվտանգության ուժերը հայտնաբերել և ոչնչացրել են PKK-ի զինյալների կողմից ճանապարհի վրա տեղադրված պայթուցիկը: Ուժայինները ժամանակավորապես փակել են Հաքքարի-Չուքուրջա ճանապարհը:

Իհլաս. Թուրքիայի արևմտյան Մանիսա քաղաքում PKK-ի զինյալների երիտասարդական թևի (YDG-H) դեմ ոստիկանության կազմակերպած հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 2 մարդ: Նրանց բնակարաններում կատարված խուզարկությունների արդյունքում ոստիկանները հայտնաբերել և առգրավել են 1 չարտոնագրված ատրճանակ, «մոլոտովի կոկտեյլներ» և այլ նյութեր:

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Վան քաղաքի Հաջըբեքիր թաղամասի Սյուրմելի փողոցում երեկ գիշերը բախումներ են եղել ուժայինների և բարիկադներ դնել ցանկացող PKK-ի երիտասարդական թևի (YDG-H) անդամների միջև։ Նրանց գործողություններին միջամտելու համար դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկանական խմբեր, ջրցան մեքենա։ Բախումների արդյունքում սպանվել է YDG-H-ի 1 անդամ, ևս մեկը վիրավորվել է։

Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգի նահանգապետարանը Չաթաք և Չալդըրան գավառներում PKK-ի զինյալների դեմ պայքարելու, բնակչության անվտանգությունը ապահովելու նպատակով հայտարարել է 15 օրյա արտակարգ դրություն։

Սիիրթ նահանգում PKK-ի զինյալների դեմ ձեռնարկվել է հատուկ գործողություն

Սիիրթ նահանգում PKK-ի զինյալների դեմ ձեռնարկվել է հատուկ գործողություն

Անադոլու․ PKK-ի զինյալները հրազենով կրակել են Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ նահանգի Էրուհ գավառին կից Չեթինքալ և Ջինթեփե գյուղերի միջև տեղակայված ռազմաբազայի վրա։ Զինվորների պատասխան կրակի արդյունքում «շարքից հանվել է» PKK-ի 6 զինյալ։ Հարձակումը կատարած մյուս զինյալներին ձերբակալելու համար ձեռնարկվել է հատուկ գործողություն, որին մասնակցել է նաև «Աթաք» հարվածային ուղղաթիռ։
Նույն նահանգի Փերվարի գավառի Դողանջա գյուղի շրջանում ժանդարմերիայի հատուկ նշանակության ջոկատների և PKK-ի զինյալների միջև բախումների արդյունքում «շարքից հանվել է» PKK-ի ևս 3 մարտիկ։


Անադոլու․ Թուրքիայի Իգդիր նահանգի Աղրը (Արարատ) լեռան 2200 կմ բարձրության վրա գտնվող Քորհան բարձրավանդակի շրջանում սեպտեմբերի 15-ի երեկոյան, PKK-ի զինյալների դեմ ձեռնարկվել են օդային և ցամաքային գործողություններ։ Օդ բարձրացված կործանիչները և «Կոբրա» հարվածային ուղղաթիռները կրակել են PKK-ի հենակետերին։ Ցամաքային գործողություններին մասնակցել են նաև ժանդարմերիայի հատուկ նշանակության ջոկատները (JÖH)։

Անադոլու․ Թուրքիայի արևելյան Մուշ նահանգի Բուլանըք գավառում PKK-ի երիտասարդական թևի (YDG-H) անդամները պայթուցիկեր են նետել դատարանի շենքի վրա։ Ուժայինների պատասխան կրակից հետո նրանք փախել են։ Հարձակումը կազմակերպած անձանց ձերբակալելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։

Անադոլու․ Ստամբուլի Քարթալ, Սանջաքթեփե, Սուլթանբեյլի, Աթաշեհիր և Բաղջըլար թաղամասերում ոստիկանության` PKK-ի զինյալների դեմ ձեռնարկած հատուկ գործողության արդյունքում ոստիկանություն է տարվել 22 կասկածյալ, որոնցից 13-ը ձերբակալվել է։ Նրանց բնակարաններում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են ինքնաձիգ, հրացան, ատրճանակ, մեծ քանակով փամփուշտ, PKK-ին վերաբերող փաստաթղթեր և այլ նյութեր։

Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին գավառի Բարըշ շրջանում PKK-ի զինյալները պայթեցրել են ոստիկանական մեքենա, ինչի հետևանքով սպանվել է 3 ոստիկան, ևս 1-ը վիրավորվել է։ Պայթյունի կազմակերպիչներին հայտնաբերելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *