Կասպից ծովում հերթական ադրբեջանա-թուրքմենական միջադեպն է գրանցվել

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ադրբեջանա-թուրքմենական հերթական միջադեպն է գրանցվել Կասպից ծովի վիճելի տարածքում։ Հուլիսի 24-ին նավթագազային Սերդար (ադրբ. Քյափազ) հանքավայրի տարածքում ադրբեջանցի սահմանապահները թուրքմենական ձկնորսական նավ են ձերբակալել։ Ձկնորսական նավը հետագայում հանձնվել է Թուրքմենստանի սահմանապահ ծառայության առափնյա պահպանության նավին։

Սա նմանատիպ առաջին միջադեպը չէ։ Մոտ մեկ ամիս առաջ նույն տարածքում ադրբեջանցի սահմանապահները թույլ չէին տվել թուրքմեն գիտնականներին սեյսմիկ հետազոտություններ կատարել։ Այն ժամանակ միջադեպը հանգեցրեց երկու կողմերի արտգործնախարարությունների փոխադարձ կոշտ հայտարարություններին։ Մի շարք նման միջադեպեր գրանցվել էին նաև նախկինում, դեռ 2008 թվականին։

Նշենք, որ ադրբեջանա-թուրքմենական սահմանային վեճը Կասպից ծովի երեք խոշոր նավթագազային հանքավայրերի շուրջ է Սերդար (ադրբ. Քյափազ), Օսման (ադրբ. Ազերի) և Օմար (ադրբ. Չիրաղ), ընդ որում վերջին երկուսն Ադրբեջանը շահագործում է դեռ 1994 թվականից։

Թուրքմենստանը հայտարարել էր, որ խնդիրը լուծելու համար դիմելու է ՄԱԿ միջազգային դատարան և կընդունի դատարանի ցանկացած որոշում, սակայն մի շարք վերլուծաբաններ հոռետես են տրամադրված այդ ճանապարհով վեճը լուծելու հեռանկարի նկատմամբ։

Ըստ ամենայնի, սա գիտակցում են նաև Թուրքմենստանում և մտադիր չեն սահմանափակվել հարցը զուտ իրավական և քաղաքական ճանապարհով լուծելով։ Ներկայումս Թուրքմենստանն ակտիվ կերպով զարգացնում է իր նավատորմը, ինչը մոտ ապագայում կարող է դառնալ շատ ավելի համոզիչ փաստարկ Ադրբեջանի համար։ Թուրքմենական նավատորմի հեռանկարների մասին առավել մանրամասն կարդացեք նաև «Թուրքմենիան ուժեղացնում է դիրքերը Ադրբեջանի հետ վեճում» հոդվածում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *