Սևծովյան նավատորմի հրամանատար կոնտր-ծովակալ Ալեքսանդր Ֆեդոսենկովը Սևաստոպոլում լրագրողներին հայտնել է, թե ռուսական նավերը Սիրիայում որևէ գործողություն չեն կատարելու։ Ըստ Ֆեդոսենկովի՝ Ռուսաստանի մի քանի նավատորմերի միացյալ խումբը սեպտեմբերին իրականացնելու է «Կասկադ-2012» զորավարժությունը և ռուսական նավերը Միջերկրական ծովում են այդ զորավարժությունների նախապատրաստման նպատակով։ Սևծովյան նավատորմի նավերը արդեն որոշ ժամանակ է, ինչ տարածաշրջանում են, իսկ Բալթյան և Հյուսիսային նավատորմերի նավերն արդեն անցել են Ջիբրալթարի նեղուցը և նույնպես մտել են Միջերկրական ծով։
Ավելի վաղ Թուրքիայում գործող, այսպես կոչված «Սիրիայի ազգային խորհուրդը» Ռուսաստանին մեղադրել էր, որ վերջինս իր այդ քայլով կնպաստի, որպեսզի Բաշար Ասադը շարունակի բռնությունները խաղաղ բնակչության նկատմամբ։